AM
11 Նոյեմբեր 2025 - 09:35 AMT

Ղազինյան․ ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցումը ոտնձգություն է սեփականության նկատմամբ

Նոյեմբերի 13-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է ընդունելու դադարեցնել գործարար Սամվել Կարապետյանին պատկանող«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության՝ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան, հայտնում է ՀԷՑ Վերահսկողական կոմիտեն։

ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը, անդրադառնալով հարցին, ասել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաշխման լիցենզիայի դադարեցմամբ, կբացահայտվեն իշխանության խորքային քաղաքական նպատակները՝ սեփականության վերաբաշխման նոր, բացահայտ քաղաքական փուլի ձևով։

Նա հավելել է, որ լիցենզիայի դադարեցումը՝ առանց որևէ շուկայական կամ տեխնիկական խախտման փաստարկի, նշանակում է բացահայտ ոտնձգություն սեփականության իրավունքի դեմ:

Ղազինյանը հիշեցրել է, որ այս գործընթացի մեկնարկը համընկել է այն պահի հետ, երբ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը դարձել է, իր ձևակերպմամբ, «մտացածին քրեական հետապնդման» թիրախ։

«Այժմ նույն մեխանիզմը օգտագործվում է նրա բիզնես կառույցների նկատմամբ՝ ՀԷՑ-ը «հանրային գերակա շահ» ճանաչելու և այն իշխանական կառավարման ներքո վերցնելու պատրվակով»,– nել է նա։

Ղազինյանն այս գործընթացը որակել է բռնազավթում փոխհատուցման քողի տակ ու ավելացրել, որ այն հակասում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին և էներգետիկ ոլորտի կայունության ու կանխատեսելիության սկզբունքներին։

Հուլիսի 3-ին Ազգային ժողովն ընդունել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում առաջարկված փոփոխությունների փաթեթը, որը, ըստ էության, հիմք է ստեղծել ՀԷՑ-ը պետականացնելու համար։

Դեռ հունիսի 18-ին՝ Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ եկել է ժամանակը ՀԷՑ-ը պետականացնելու։ Նա նաև նախազգուշացրել է, որ կազատի այն աշխատակիցներին, ովքեր չեն համագործակցի պետության հետ։ Հունիսի 24-ին վարչապետը տեղեկացրել է, որ պետականացման ծրագիրն արդեն պատրաստ է։

Հուլիսի 18-ին հայտնի է դարձել, որ ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ է նշանակել Ռոմանոս Պետրոսյանին, ով նախկինում զբաղեցրել է պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնը։ Նույն հանձնաժողովը նաև վարույթ է նախաձեռնել ընկերության նկատմամբ՝ հիմք ընդունելով կառավարության ներկայացրած հաղորդումը։

Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը ձեռք է բերել 2016 թվականին՝ ՀՀ նախկին իշխանությունների խնդրանքով, և այդ ժամանակից ի վեր ներդրումներ է իրականացրել՝ ընկերության արդիականացման նպատակով, որոնց ծավալը կազմել է հարյուր միլիոնավոր դոլարներ։