Ազգային ժողովում քննարկման է դրվել պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի և Նարեկ Ղահրամանյանի հեղինակած «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որը կոչված է խթանելու մշակող արդյունաբերության գերակա ճյուղ համարվող ծանր արդյունաբերության խթանման, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների, սև մետաղների արտադրության և ներքին առևտրի կանոնակարգման անհրաժեշտությամբ:
Պատգամավորը նշել է, որ կառավարությունն արդեն իսկ մի շարք որոշումներով արգելել է սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնների արտահանումը, ինչպես նաև սահմանափակել է սև մետաղից պատրաստված ցածր արժեք ունեցող արտադրանքի արտահանումը, հայտնում է 1lurer.am-ը։
Այս փոփոխության նպատակը տեղական արտադրողներին արտաքին շուկայից եկող էժան ներմուծման վտանգից պաշտպանելն է։
«Նախկինում 1 տոննայի համար սահմանված էր 29 հազար դրամ տուրք, այժմ առաջարկում ենք այն դարձնել 55 հազար դրամ՝ հավասարեցնելու համար ներմուծվող ապրանքների գինը տեղական արտադրանքի գնին»,– պարզաբանել է նա։
«Մենք փորձում ենք պաշտպանել տեղական արտադրողի շահերը։ Նպատակը սա է»,– ընդգծել է Բագրատյանը։
Նա հավելել է, որ կառավարությունը քննարկումների ընթացքում առաջարկել է 55 հազարի փոխարեն սահմանել 45 հազար դրամ տուրք՝ հաշվի առնելով նաև տարածաշրջանային արժութային տատանումները։
Բագրատյանը նշել է, որ համաձայն են ընդունել կառավարության առաջարկը երկրորդ ընթերցման ժամանակ՝ դիտարկելով այն որպես ժամանակավոր միջոց։
Նա նաև արձագանքել է պատգամավոր Արման Ղազարյանի՝ ներկրողների շահերի վերաբերյալ մտահոգություններին՝ հավաստիացնելով, որ ներկրողների հետ հարցը քննարկվել է, և նրանք պատրաստ են մրցակցության՝ մինչև 55 հազար դրամի սահմաններում։
«Եթե Կառավարության առաջարկը ընդունենք և 45 հազար կիրառենք, ներկրողների համար ավելի ձեռնտու կլինի։ Մենք փորձել ենք պաշտպանել տեղական արտադրողին։ Իհարկե, սա չի նշանակում, որ դա պետք է միշտ լինի»,– ասել է պատգամավորը՝ նշելով, որ երկարաժամկետ պաշտպանական քաղաքականություն չի կիրառվելու։
Հարակից զեկուցող Բաբկեն Թունյանն իր ելույթում նշել է, որ այս նախագիծը նաև ուղղված է միջանկյալ արտադրանք թողարկող կազմակերպությունների և մի քանի հարյուր փոքր ԱՁ-ների շահերի պաշտպանությանը, որոնք մետաղի ջարդոն են մատակարարում արտադրական շղթայի տարբեր օղակներին։
«Այս որոշումը չընդունելու պարագայում կարող է առաջանալ այնպիսի իրավիճակ, երբ տեղական արտադրողները ստիպված լինեն դադարեցնել աշխատանքը, ինչի հետևանքով կկորցնենք աշխատատեղեր և հետագայում ստիպված կլինենք բախվել ներմուծվող ապրանքների գների աճին»,– նշել է Թունյանը։






