AM
12 Նոյեմբեր 2025 - 06:36 AMT

Հայկական քարտերով հնարավոր կլինի վճարել Ղրղզստանում ու Ուզբեկստանում

Առաջիկայում հայկական բանկային քարտերով հնարավոր կլինի վճարումներ կատարել Ղրղզստանում և Ուզբեկստանում (փոխադարձության սկզբունքով):

Համապատասխան համաձայնագրերը Երևանում ստորագրել են ՀՀ ազգային «ArCa» վճարային համակարգի գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը Ղրղզստանի իր գործընկերոջ՝ «Միջբանկային պրոցեսինգային կենտրոն» ՓԲԸ-ի ղեկավար Ալթիմիշ Տուրատբեկովի, ինչպես նաև Ուզբեկստանի «Hayot Bank»-ի մանրածախ բիզնեսի դեպարտամենտի տնօրեն Բեհզոդ Իսակժոնովի հետ, հայտնում է Sputnik Արմենիան։

Ալթիմիշ Տուրատբեկովն ասել է, որ նախնական փուլում կարգավորվելու են առցանց վճարումները ղրղզական «Էլքարտ» և հայկական «ArCa» քարտերի միջև, երկրորդ փուլում՝ քարտերը կընդունվեն այլ երկրների բանկոմատներում, իսկ երրորդ փուլում կիրականացվեն QR-կոդերով վճարումներ։ Այդ ձևաչափը հնարավորություն կտա, որ Ղրղզստանի քաղաքացիներն օգտագործեն իրենց քարտերը՝ վճարումներ կատարելով Հայաստանի մանրածախ առևտրի կետերում տեղադրված QR կոդերի օգնությամբ, և նույնը՝ հայաստանցի քարտապանների համար Ղրղզստանում։ Այդ երկրում QR կոդերի համար վաղուց կիրառվում է միասնական չափորոշիչ, որն արդեն ներդրվել է նաև Հայաստանում՝ այս տարվա աշնանը:

QR կոդերով վճարումներ իրականացվում են բանկային հավելվածի միջոցով՝ սկանավորելով վաճառքի կետում տեղադրված կոդը, ինչն իր հերթին թույլ է տալիս վճարել ոչ միայն քարտից, այլ նաև ուղիղ հաշվից:

«ArCa»-ի ղեկավարների հետ միասին մենք կազմելու ենք այդ ծրագրերի իրականացման մանրամասն ժամանակացույց։ Գործընթացը երկար չի տևելու, քանի որ մենք նման ինտեգրման փորձ արդեն ունենք Ուզբեկստանի և Ղազախստանի համակարգերի հետ, իսկ այժմ նման աշխատանքներ ենք կատարում Չինաստանի և «PayPal»-ի հետ։ Հայաստանի հետ համագործակցությունն առանձնահատուկ կարևորություն ունի, քանի որ մենք գտնվում ենք միևնույն տնտեսական տարածքում, որտեղ ֆինանսական խոչընդոտներ չպետք է լինեն», – ասել է Տուրատբեկովը:

Ուզբեկական «Hayot Bank»-ի հետ ստորագրված համաձայնագիրը ներառում է փոխադարձ QR վճարումների կազմակերպումը։ Հայաստանի և Ուզբեկստանի քաղաքացիները, միմյանց երկրներ այցելելիս, կկարողանան կատարել վճարումներ տեղական խանութներում և սրճարաններում՝ օգտագործելով իրենց բանկային հավելվածը՝ QR կոդերի սկանավորման միջոցով։ Նույն հնարավորությունը կգործի նաև Հայաստանում՝ «Hayot Bank»-ի քարտապանների համար։

Բեհզոդ Իսակժոնովը ընդգծել է, որ QR վճարումների հիմնական առավելությունը դրանց ակնթարթային իրականացումն է։

Նա նշել է, որ Ուզբեկստանում առայժմ միասնական QR վճարային համակարգ չկա, սակայն առանձին լուծումներ առաջարկում են և՛ բանկերը, և՛ «Ուզքարտ» ազգային վճարային օպերատորը։ Հայկական քարտապանները կկարողանան վճարումներ կատարել ինչպես «Hayot Bank»-ի, այնպես էլ «Ուզքարտ»-ի QR կոդերի միջոցով, որոնցով Ուզբեկստանում ծածկված է մոտ 100 հազար կետ:

Իսակժոնովը հավելել է, որ Հայաստանը Հարավային Կովկասում առաջին պետությունն է, որի հետ բանկը կնքել է նման համաձայնագիր։ Բանկն այժմ իրականացնում է համանման ծրագրեր նաև Չինաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի հետ։