Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Կոպենհագենում Դանիայի Եվրոպական հարցերով նախարար Մարի Բյեռի հետ հանդիպմանը քննարկել է Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերության խորացման ուղիները՝ կարևորվել է այն նոր օրակարգի նշանակությունը, որը նախատեսվում է ստորագրել մոտ ապագայում և որը կնպաստի այդ համագործակցությունը նոր մակարդակի հասցնելուն։
Նրանք անդրադարձ են կատարել վերջին շրջանում տարբեր ուղղություններով արձանագրված առաջընթացին և ապագա ծրագրերին, որոնց թվում՝ նաև վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը։
Միրզոյանը նշել է, որ ԵՄ-ի հետ գործընկերության ընդլայնումը համահունչ է հայաստանյան հասարակության ակնկալիքներին, ինչը արտացոլվել է նաև այս տարի ընդունված օրենքում՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ։
Միրզոյանն ու Բյեռը մտքեր են փոխանակել ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին առկա մարտահրավերների վերաբերյալ, քննարկվել են նաև փորձի փոխանակման հնարավորությունները այդ մարտահրավերները հաղթահարելու համար։ Այս համատեքստում կարևորվել է ԵՄ շարունակական աջակցությունը Հայաստանին՝ իր դիմակայունության բարձրացման գործում, մասնավորապես՝ հիբրիդային սպառնալիքներին դիմագրավելու ուղղությամբ։
Նախարարները քննարկել են նաև Հայաստանի և Դանիայի միջև երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ ներառյալ էներգետիկ, տրանսպորտային և առևտրային ոլորտներում դիվերսիֆիկացման նպատակով։
Հանդիպման ընթացքում խոսվել է նաև 2026 թվականի մայիսի 4-ին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներում համագործակցության հնարավորությունների մասին։
Արարատ Միրզոյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին անցկացված Խաղաղության գագաթաժողովից հետո ձևավորված խաղաղության մթնոլորտը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ինչպես նաև դրա շնորհիվ տարածաշրջանային և ավելի լայն տնտեսական համագործակցության ձևավորման հնարավորությունները։ Այդ կապակցությամբ քննարկվել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և դրա բաղկացուցիչ «TRIPP ուղի» նախագիծը, որը լիովին համահունչ է ԵՄ «Համաշխարհային դարպաս» ծրագրի նպատակներին։
Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին է փոխանցել վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում նախատեսված գործողությունների ծրագիրը։
Փաստաթղթում ներկայացված են այն բարեփոխումները, որոնք Հայաստանը պետք է իրականացնի անվտանգության, սահմանային վերահսկողության, մարդու իրավունքների և մի շարք այլ ոլորտներում։






