Ամեն տարի նշվող թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրը կարևորում է այս սուր վարակիչ հիվանդության կանխարգելման, վաղ հայտնաբերման և արդյունավետ բուժման կարևորությունը։ 2025 թվականի կարգախոսը՝ «Երեխաների կյանքի ապահովություն», ընդգծում է երեխաների խոցելիությունը թոքաբորբի նկատմամբ։
Չնայած բժշկության առաջընթացին՝ թոքաբորբը մնում է մահացության հիմնական պատճառներից։ Թոքաբորբով հիվանդների մոտ 5–10%-ը, ըստ վիճակագրության, մահանում է։ Աշխարհում ամեն 13 վայրկյանը մեկ մարդ է մահանում այս հիվանդությունից։ Global Burden of Disease զեկույցի համաձայն՝ 2021-ին թոքաբորբի պատճառով մահացել է մոտ 2.1 միլիոն մարդ, հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» առողջապահական հետազոտությունների կենտրոնը։
Թոքաբորբը սուր շնչառական վարակի հետևանք է, որն ախտահարել է թոքերի հյուսվածքը։ Դրա հարուցիչները կարող են լինել բակտերիաներ (պնևմոկոկներ, հեմոֆիլուս, ստաֆիլոկոկներ, ստրեպտոկոկներ և այլ), վիրուսներ (գրիպ, շնչառական սինցիտիալ, ռինովիրուս, ադենովիրուս, պարագրիպ և այլն), ինչպես նաև սնկային միկրոօրգանիզմներ (ասպերգիլներ, կանդիդաներ, պնևմոցիստներ)։
Հիվանդության առավել հաճախ հանդիպող ձևը բակտերիալ թոքաբորբն է, որը կազմում է բոլոր դեպքերի մոտ 30-40%-ը։ Վարակիչ օջախների ձևավորման ժամանակ, հատկապես խմբային միջավայրերում (մանկապարտեզ, դպրոց և ուսումնական հաստատություններ), հաճախ ներգրավվում են նաև միկոպլազմաներն ու խլամիդիաները։
Տարեկան աշխարհում արձանագրվում է մոտ 450 միլիոն թոքաբորբի դեպք։ Երեխաների շրջանում հիվանդացության մակարդակը կազմում է 1400 դեպք 100,000 երեխայի հաշվով։ Ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Հարավային Ասիայում՝ 2500, և Արևմտյան ու Կենտրոնական Աֆրիկայում՝ 1620 դեպք՝ 100,000 երեխայի հաշվով։
Թոքաբորբը վտանգավոր է բոլոր տարիքային խմբերի համար, սակայն առավել ծանր ընթացք ունի ամենախոցելի խմբերում՝ մինչև հինգ տարեկան երեխաների, տարեցների և թույլ իմունային համակարգով անձանց մոտ։
Չնայած մանկական մահացության ցուցանիշների նվազմանը, հիվանդությունը շարունակում է մնալ մինչև հինգ տարեկան երեխաների մահվան գլխավոր պատճառներից։ ԱՀԿ-ի տվյալներով՝ այն կազմում է այս խմբի մահերի մոտ 14%-ը՝ տարեկան խլելով ավելի քան 700,000 մանկական կյանք։ 2021 թվականին մահացել է 502,000 փոքրիկ և 152,000 նորածին։
Տարեցների շրջանում վիճակը ևս մտահոգիչ է։ 2021-ին թոքաբորբի հետևանքով կյանքից զրկվել է մեկ միլիոնից ավելի 70-ից բարձր անձ։ Այս ախտորոշմամբ հոսպիտալացված տարեցներից շատերը մահանում են մեկ տարվա ընթացքում, իսկ ծանր ընթացքի դեպքում մահվան ռիսկը պահպանվում է մինչև տասը տարի։
30 օրվա ընթացքում հոսպիտալացումից հետո մահացության մակարդակը կազմում է մոտ 6%, սակայն բարդացած դեպքերում կարող է հասնել 34%-ի, իսկ վերակենդանացման բաժանմունքներում՝ գերազանցել 50%-ը։
Թոքաբորբի հետևանքով մահացության 84%-ը գրանցվում է միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում։ Հայաստանում, օրինակ, 2020 թվականին գրիպի և թոքաբորբի հետևանքով մահացել է 1214 մարդ, ինչը ընդհանուր մահերի 5.4%-ն է։ Տարիքային ցուցանիշը կազմել է 27.5 մահ՝ 100,000 բնակչի հաշվով։
Հակաբիոտիկների հանդեպ կայունությունը մեծապես ազդում է մահացության մակարդակի վրա։ 2019 թվականին ստորին շնչուղիների վարակները կապված են եղել ավելի քան 1.5 միլիոն մահվան հետ՝ պայմանավորված հակամիկրոբային կայունությամբ։ Ամենատարածված հարուցիչը եղել է Streptococcus pneumoniae-ն, որը պատասխանատու է նման մահերի մոտ 16%-ի համար։
Հիվանդության բնորոշ ախտանշաններն են՝ բարձր ջերմություն, տենդ, հազ, շնչահեղձություն, ինչպես նաև կրծքավանդակի շրջանում ցավի զգացում։ Թոքաբորբով հիվանդներին հաճախ ուղեկցում են թուլություն, ախորժակի անկում, քնի խանգարում, հոգնածություն և առատ քրտնարտադրություն։
Հիվանդության զարգացումը պայմանավորված է ոչ միայն մանրէաբանական, այլև սոցիալական ու էկոլոգիական գործոններով։ Տարիքը մնում է գլխավոր ռիսկային գործոնը։ Մեծահասակների շրջանում թոքաբորբի վտանգը ավելի բարձր է քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց մոտ՝ ՔՕԹՀ, սրտային խնդիրներ, շաքարային դիաբետ, երիկամային անբավարարություն, բրոնխիալ ասթմա։ Հետազոտությունների համաձայն՝ հիվանդացած մեծահասակների 82%-ը ունեցել է առնվազն մեկ նախատրամադրող հիվանդություն։
Երեխաների մոտ հիվանդության ռիսկը մեծանում է վաղաժամ ծնունդի, ցածր ծննդային քաշի և կրծքով կերակրման բացակայության պայմաններում։
Անբարենպաստ բնակարանային պայմանները, թերսնուցումը, մաքուր օդի պակասը և բժշկական ծառայությունների սահմանափակ հասանելիությունը նույնպես խթանում են թոքաբորբի տարածումը։ ԱՀԿ-ի գնահատմամբ՝ թոքաբորբից մահացած 50-ից բարձր անձանց մահերի մոտ կեսը պայմանավորված է եղել օդի աղտոտվածությամբ և ծխախոտի ազդեցությամբ, ներառյալ պասիվ ծխելը։
Կանխարգելման ամենաարդյունավետ եղանակը պատվաստումն է։ Վիրուսային թոքաբորբերի կանխարգելման համար խորհուրդ է տրվում սեզոնային գրիպի դեմ պատվաստում։ Պնևմակոկային պատվաստումը պաշտպանում է Streptococcus pneumoniae հարուցած ձևերից։ Այն առավել անհրաժեշտ է քրոնիկ հիվանդություններ ունեցող, տարեց և հղի անձանց համար։
Ոչ սպեցիֆիկ միջոցառումներն են՝ առողջ կենսակերպի պահպանումը, ծխախոտից հրաժարումը, հավասարակշռված սնունդը, հիգիենայի պահպանումը, տարածքների օդափոխումը, դիմակների կրումը և կուտակումներից խուսափելը՝ սուր շնչառական վարակի սեզոնին։
Վաղ ախտորոշումը, հիվանդության ծանրության գնահատումն ու անհապաղ ճիշտ բուժումը որոշիչ են ոչ միայն ապաքինման, այլ նաև բարդությունների կանխման տեսանկյունից։ Թոքաբորբի դեպքերի մոտ մեկ երրորդն ավարտվում է սեպսիսով՝ դարձնելով բուժումը առավել բարդ և կյանքին սպառնացող։






