Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարն ու ԵՄ անդամ պետությունների դեսպանները քննարկել են արդարադատության ոլորտի բարեփոխումների ընթացքը:
Նա շեշտել է, որ նախարարությունն իրապես բարձր է գնահատում Եվրոպական միության և անդամ պետությունների հետ ձևավորված համագործակցությունը և երախտագիտություն է հայտնել ԵՄ-ին ու անդամ պետություններին՝ հաստատուն գործընկերության և շարունակական աջակցության համար։
Նա ընդգծել է, որ արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները հանդիսանում են ոչ միայն Հայաստանի ներքին առաջնահերթություն, այլև քայլ՝ իրավական դաշտը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ։ Այդ միջոցով, ըստ Գալյանի, ամրապնդվում են ժողովրդավարական ինստիտուտները, ապահովվում է մարդու իրավունքների պաշտպանությունը և պահպանվում է իրավունքի գերակայությունը։
Քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել մի շարք առանցքային հարցերի։
Նախ, ներկայացվել է «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին․ Փուլ II» ծրագրի ընթացքը։ Այդ ծրագրի շրջանակում Հայաստանի պետական բյուջե է փոխանցվել վերջին փոփոխական տրանշը՝ 5.5 միլիոն եվրոյի չափով։
Քննարկվել է նաև ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի շուրջ համագործակցությունը, ինչպես նաև գործողությունների ծրագրի կատարման պատրաստակամությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Սահմանադրական բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստանում արբիտրաժի և հաշտարարության կենտրոնի գործունեությանը։
Կողմերն առանձնացրել են նաև դատավարությունների թվայնացման անհրաժեշտությունն ու դրա ընթացիկ զարգացումները։ Քննարկվել է նաև դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների արդյունքում կայացված որոշումների բողոքարկման մեխանիզմների ամրապնդման հարցը։
Առանձին ուշադրության է արժանացել անձնական տվյալների պաշտպանության նոր և անկախ մարմնի ստեղծումը։
Մասնակիցներն անդրադարձել են Մարդու իրավունքների պաշտպանին վերաբերող ոլորտային հիմնախնդիրներին՝ ներառյալ խտրականության կանխարգելման և պաշտպանությանն ուղղված քայլերը։
Հանդիպման ավարտին ԵՄ երկրների դեսպանները մի շարք հարցեր են ուղղել նախարարին՝ պարզաբանելու հետաքրքրություն ներկայացնող թեմաներ։
Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին է փոխանցել վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում նախատեսված գործողությունների ծրագիրը։
Փաստաթղթում ներկայացված են այն բարեփոխումները, որոնք Հայաստանը պետք է իրականացնի անվտանգության, սահմանային վերահսկողության, մարդու իրավունքների և մի շարք այլ ոլորտներում։






