AM
12 Նոյեմբեր 2025 - 10:49 AMT

Փաշինյանն «անհեթեթություն» է որակել ռուսական ցորենից հրաժարվելու մասին լուրերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է այն տեղեկությունները, թե Հայաստանը մտադիր է հրաժարվել ռուսական հացահատիկից՝ հօգուտ ուկրաինականի` դա անվանելով «անհեթեթություն», հայտնում է Sputnik Արմենիան։

ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է, որ «Հայաստանը, քաղաքական նկատառումներով, ուզում է «պոկվել ՌԴ–ից» և աջակցել Ուկրաինային՝ ցորենի մի մասն ավելի բարձր գնով գնելով Կիևից։ Ըստ նույն աղբյուրի՝ ուկրաինական հացահատիկի արժեքը ռուսականից մոտ մեկուկես անգամ բարձր է, ուստի առաջարկվել է, որ ԵՄ–ն փոխհատուցի գների տարբերությունը։

«Չի կարող նման բան լինել։ Բացարձակ անհեթեթություն է»,- ասել է Փաշինյանը։

Նոյեմբերի 6-ին մոտ 30 տարվա դադարից հետո Հայաստանի տարածք է հասել առաջին խմբաքանակը՝ 1000 տոննա ռուսական ցորեն, որը ներկրվել է Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Բացի այդ, նոյեմբերի լույս 8-ի գիշերը, Ադրբեջանի միջանցիկ ճանապարհով Հայաստան է տեղափոխվել նաև ղազախական ծագում ունեցող հացահատիկ։