Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով բանակցային փաստաթղթերը հրապարակելու խոստմանը, ասել է, որ մինչև տարեվերջ ԵԱՀԿ ՄԽ–ն կլուծարվի և ազատ կլինեն հրապարակելու բանակցային փաթեթը:
Նա նաև նշել է, որ հանձնարարել է գաղտնազերծել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մի նամակ՝ այլ երկրի ղեկավարի ուղղված, հայտնում է «Փաստինֆոն»։
«Քանի՞ ամիս է խոսում եմ դրա մասին, և եթե մտածեն, կիմանան, ինչ փոխվեց և ինչի եմ հիմա ասում՝ մինչև տարվա վերջ։ Հրապարակման պահին գուցե կմեկնաբանեմ թե ինչու եմ փաթեթը հրապարակում մինչև տարվա վերջ, դա պատճառ ունի։
Ես նախկինում ասել եմ, որ մենք կհրապարակենք՝ մի քանի ամիս առաջ։ Հանձնարարել եմ, որ պատրաստեն փաթեթները։ Ես նախկինում ասել եմ, որ այդ փաթեթի տերը մենակ մենք չենք, ենթադրվում է, որ տարվա վերջ մինչև դե յուրե ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի, և այդտեղ այդ բարոյական և քաղաքական արգելքը կվերանա։ Այսինքն, այդ սուբյեկտը չի լինի և մենք ազատ կլինենք այդ թղթերը հրապարակել»,–ասել է Փաշինյանը։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն, անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքին իր հարցազրույցին, որով վերջինս խոստացել է մինչև տարեվերջ հրապարակել բանակցային փաթեթը։
«Կարևորն այն է, որ գոնե կարողացանք կորզել բանակցային փաստաթղթերը հրապարակելու խոստում։ Տեսնենք»,– նշել է Սարգսյանը։






