Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով անկլավների թեմային, ընդգծել է, որ որևէ պաշտոնյա, այդ թվում՝ ՀՀ վարչապետը, չի կարող հրաժարվել Հայաստանի ինքնիշխան տարածքներից՝ բացառելով Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման օրակարգից դուրս գալու որևէ հնարավորություն։ Նրա խոսքով՝ վերջին օրերին իր կատարած գրառումն այդ դիրքորոշման հաստատումն է, հայտնում է Aysor.am-ը։
Նրա համոզմամբ, եթե առաջ գա տարածքային փոխանակման հարցը, ապա այդ քայլն անհնար է իրականացնել առանց ՀՀ քաղաքացիների հստակ արտահայտված դիրքորոշման։
«Մենք ասել ենք, որ արդեն իսկ մեր գրավոր ստանձնած պարտավորություններին հավատարիմ ենք և բացառում ենք որևէ ուժային սցենար։ Ինչ վերաբերում է սցենարներին, ապա սահմանազատում պետք է տեղի ունենա։ Սահմանազատման արդյունքում պետք է վերաարձանագրվի Ալմաթիի հռչակագրի հիման վրա երկրների տարածքային ամբողջականության ուրվագիծը։ Երբ այդ ամենը կվերականգնվի, այդ ժամանակ արդեն մնացած բոլոր կոմբինացիաները և վարիացիաները կքննարկվեն։ Գիտեմ, որ քննարկվում է, որ Արծվաշենի դեպքում ավելի լավ է այլ սցենարների գնալ։ Որևէ մեկը չի կարող այլ սցենարի գնալ՝ առանց ՀՀ ժողովրդի կամքի արտահայտման»,–ասել է վարչապետը։
Ավելի վաղ Փաշինյանը գրել էր՝ «սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները»։






