«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արծվաշենի վերադարձի վերաբերյալ վերջին հայտարարությունն իրականում խոսում է բազմաթիվ քաղաքացիների անտուն թողնելու մասին։ Նա այդ մասին ասել է ֆեյսբուքյան եթերում։
Նա նշել է, որ ռազմավարական անվտանգության առումով անդառնալի խնդիրներ են առաջ գալու:
«Արծվաշենը վերադարձնելու Փաշինյանի խրոխտ հայտարարությունն իրականում բազմաթիվ մարդկանց անտուն թողնելու մասին է։ Նա դրա փորձն արդեն ձեռք է բերել Արցախի օրինակով ու հմտացել է. գիտի, որ արդեն նման դեպքերում պետք է խոսի ոչ թե հանձնելու, այլ վերադարձնելու մասին:
2020-ից հետո Բաքուն ինտենսիվացրեց Տիգրանաշենի, Արծվաշենի, Տավուշում ինչ-որ անկլավային գյուղերի, տարածքների փոխանակման, վերահսկողության հանձնման ծրագիրը, որից հետո Փաշինյանը, ՔՊ-ականներն անընդհատ խոսում են սրա մասին։ Իրականում սա ամբողջ Հայաստանը շրջափակման մեջ գցելու, սահմաններն ավերելու, բզկտելու ծրագիր է։ Ռազմավարական անվտանգության առումով անդառնալի խնդիրներ են առաջ գալու»,– ասել է նա։
Ըստ Թաթոյանի՝ սահմանազատման գործընթացով Ադրբեջանի հսկողության տակ են հայտնվելու հայկական արոտավայրեր, խոտհարքներ, հողատարածքներ, այդ ուղղությամբ անցնում են նաև կապի և ջրամատակարարման կարևոր համակարգեր, հնարավոր է արգելափակվի Հայաստանի միջպետական կարևոր ճանապարհներից մեկը։
Ավելի վաղ Փաշինյանը գրել էր՝ «սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները»։ Մինչ այդ նա հայտարարել էր, որ անկլավների հարցը չի կարող հանվել օրակարգից, քանի դեռ Արծվաշենի ճակատագիրը հստակեցված չէ։






