«Զբոսաշրջության զարգացումը Հայաստանի կառավարության գլխավոր խնդիրներից մեկն է: Հայաստանում բացի ձմեռային զբոսաշրջությունից մենք մտածում ենք նաեւ զարգացնել զռողջացնող զբոսաշրջությունը Ջերմուկում: Մենք արդեն կապվել ենք անհրաժեշտ կազմակերպությունների հետ, որոնք մեզ կօգնեն կատարելագործելու մեր համակարգը, առողջարանային պանսիոնատները եւ ներկայացնելու Հայաստանի առողջարանային զբոսաշրջությունը միջազգային շուկայում»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Նա նշել է, որ բացի ձմեռային զբոսաշրջությունից կդիտարկվեն նաեւ արկածային եւ էկո-զբոսաշրջության զարգացման միջոցները, մշակվում են երկրի մարզերի բնակիչների համար դասընթացների անցկացման նոր ռազմավարություններ, որպեսզի նրանք սովորեն օգտագործել այս կամ այն տուրիստական կենտրոնի տրամադրած հնարավորությունները:
Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին այն մասին, թե ինչպես այս տարի Հայաստանը կզարգացնի ներքին զբոսաշրջությունը, Ապրեսյանն ասաց, որ անցյալ տարի Հայաստանը ձմեռային զբոսաշրջության զարգացման համար CNN եւ Euronews հեռուստաալիքներով ցուցադրվել են Ծաղկաձոր հանգստյան կենտրոնը գովազդող հոլովակներ: Ապրեսյանի խոսքով, այս տարի Հայաստանի պետբյուջեից 225 հազ. եվրո է ծախսվել Հայաստանի տեսարժան վայրերի մասին 52-րոպեանոց ֆիլմի նկարահանման համար: Ֆիլմը ստեղծվել է իսպանական «Transglobe» eu «Bus business» ընկերությունների մասնակցությամբ:
«Շատ հեռուստաընկերություններ արդեն շահագրգռված են այդ հոլովակի ձեռք բերման հարցում, օրինակ` իսպանական «TVE» հեռուստաալիքը, որը մոտ 450 մլն հեռուստադիտող ունի, եւ «Scandinavien» ալիքը, որը գովազդելու է Հայաստանը սկանդինավական երկրներում:
Նա նաեւ ավելացրել է, որ կառավարությունը ֆինանսավորել է գյուղական տարածքի տների վերակառուցումը, որտեղ զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ տեղական բնակչության նիստուկացին: «Ողջ Հայաստանում արդեն վերակառուցվել է 40 այդպիսի տուն, բայց նրանցից միայն 4 են բարձր գնահատական ստացել: Բոլոր 4 տները գտնվում են Դիլիջանում»,- հայտնել է Ապրեսյանը:
Մեկնաբանելով այն փաստը, որ Հայաստանում զբոսաշրջիկների համար պայմանները սարսափելի են, մասնավորապես, նկատի ունենալով ճանապարհները, հյուրանոցները մարզերում, ճանապարհին էլեմենտար հարմարությունների բացակայությունը, Ապրեսյանը հայտնել է. «Դուք խոսում եք վատ պայմանների մասին, բայց տեսեք, թե մեզ մոտ ինչպիսի իրավիճակ էր 5-6 տարի առաջ, եւ ինչպիսին է այն այժմ: Ես չեմ ասում, որ մենք խնդիրներ չունենք, բայց մենք շարունակում ենք կատարելագործել մեր համակարգը»: