Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը 3 տարվա ընթացքում է իրականացվելու:
«Այսինքն՝ 2028-ին արդեն մեր երկրի ամբողջ բնակչությունը պետք է դառնա ապահովագրության շահառու, բայց մինչ այդ մենք, տարեցտարի ավելացնելով ապահովագրավճարների շրջանակը, անցում կկատարենք պետպատվերից դեպի ապահովագրություն»,–ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը։
2026-ին պետպատվերը՝ որպես միջոցառում, արտահայտված է պետական բյուջեում, և բոլոր այն խմբերը, որոնք առաջին կամ երկրորդ տարում դեռ չեն ներառվելու ապահովագրության մեջ, ըստ նախարարի, կշարունակեն օգտվել պետական պատվերի իրենց ծառայությունների շրջանակից:
«2026-ից առաջին փուլով պետական բյուջեի միջոցներով ներառվող խմբերի մեջ հաշմանդամություն ունեցող անձինք և սոցիալական անապահովության՝ 28 միավորից ավելի ունեցող ընտանիքները ևս ներառվելու են ապահովագրության շրջանակներում:
Սա է պետության քաղաքականությունը՝ առաջնահերթ լուծելու մինչև 18 տարեկան երեխաների, 65+ տարիքի անձանց և այս խոցելի խմբերի ապահովագրական խնդիրը»,- ասել է նա։
Ավանեսյանը հիշեցրել է, որ առաջին փուլով կներառվեն նաև 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացող անձինք:






