AM
12 Նոյեմբեր 2025 - 14:49 AMT

Փաշինյան. Ըստ պլանի՝ 2026–ի 2–րդ կեսին արդեն պետք է սկսենք «Թրամփի ուղու» շինարարական աշխատանքները

Ազգային ժողովի ու կառավարության հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սելով «Թրամփի ուղու» ճանապարհային քարտեզի մասին՝ պարզաբանել է, թե ինչ փուլերով է այն իրականացվելու։

«Մինչև տարվա վերջ մենք թղթի վրա պետք է նկարագրենք բոլոր մանրամասները։ 2026 թվականի առաջին կեսին պետք է համաձայնեցնենք, իսկ երկրորդ կեսին արդեն պետք է սկսենք շինարարական աշխատանքները։ Սա է պլանը»,–ասել է Փաշինյանը, հայտնում է Aysor.am-ը։

Վարչապետը նշել է նաև, որ նախընտրել է չխոսել ծրագրերի ժամկետների մասին՝ հիմնավորելով, որ փորձը ցույց է տվել, որ նման պլանները հաճախ շեղվում են ժամանակացույցից։

«Մենք ամեն ինչ կանենք, որ այս ժամանակացույցը հստակ աշխատի»,–ասել է նա։

Նա անդրադարձել է նաև համացանցում մեծ քննարկում առաջացրած Ադրբեջանի մի ներկայացուցչի այն հայտարարությունը, թե «Թրամփի ուղին» պետք է գործի Ադրբեջանի համար ընդունելի պայմաններով։

Փաշինյանը շեշտել է՝ ՀՀ-ն չի ասում, որ այն Ադրբեջանի համար անընդունելի պայմաններով պետք է գործի։

«Մենք թուղթ ենք ստորագրել ընդունելի պայմանների մասին։ Որո՞նք են Ադրբեջանի համար ընդունելի պայմանները, այն, ինչի տակ դրված են Ադրբեջանի, նաև Հայաստանի ղեկավարների ստորագրությունները։ Վաշինգտոնի հռչակագրում Ադրբեջանը ստորագրել է նրա տակ, թե որոնք են իր համար ընդունելի պայմանները՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն և սահմանների անխախտելիություն։ Իսկ ԱԺ-ի բացակա հատվածը ոգևորվել էր դրանից։ Գրած, ստորագրած է»,-ասել է նա։

Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։

«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։

Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։