AM
13 Նոյեմբեր 2025 - 07:51 AMT

Միրզոյանը կարևորել է ՀՀ և Դանիայի խորհրդարանների միջև աճող համագործակցությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Կոպենհագենում հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի փոխխոսնակ Կարստեն Հյունգեի, ինչպես նաև արտաքին հարաբերությունների ու եվրոպական հարցերի հանձնաժողովների անդամների հետ։

Քննարկման շրջանակում ուշադրություն է դարձվել Հայաստան-Դանիա երկկողմ հարաբերությունների խորացմանը, Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության ամրապնդման օրակարգին, տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հեռանկարներին և խաղաղության հաստատման ջանքերին։ Միրզոյանը կարևորել է Հայաստանի և Դանիայի խորհրդարանների միջև սերտացող համագործակցությունը, հատկապես՝ Հայաստան–Նորդիկ-բալթյան երկրներ (NB8) ձևաչափում։

Միրզոյանը շեշտել է, որ այդ երկրներիհավատարմությունը ժողովրդավարությանը, իրավունքի գերակայությանը, մարդու իրավունքների պաշտպանության ու լավ կառավարմանը ոգեշնչում և աջակցում է Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների, ինչպես նաև ԵՄ հետ գործընկերության խորացման ճանապարհին:

Նախարարը հիշատակել է 2025թ. մարտին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանը միանալու գործընթաց սկսելու մասին» օրենքը, որն առաջին հերթին ՀՀ քաղաքացիների ձգտումների արտահայտումն էր քաղաքացիական նախաձեռնության միջոցով։

Անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին՝՝ նախարար Միրզոյանը նշել է, որ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակումը փոխադարձ առավելություններ է ստեղծում ինչպես տարածաշրջանի երկրների համար, այնպես էլ դրանից անդին՝ նպաստելով Եվրոպայից դեպի Ասիա և հակառակը հաղորդակցությունների ցանցի ընդլայնմանը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման հարցում ՀՀ մոտեցումը։

Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի մի շարք հարցերի։

Աշխատանքային այցով Դանիայում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Դանիայի Կուսակցությունների և ժողովրդավարության ինստիտուտում (DIPD) քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է, որ քաղաքացիական հասարակությունն էական ներուժ ունի Խաղաղության ամրապնդման հարցում

Նա ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղությունները, ժողովրդավարական բարեփոխումներն ու խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը։ Նա անդրադարձել է նաև Հայաստան–ԵՄ գործընկերության խորացմանը և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության դերին։