AM
13 Նոյեմբեր 2025 - 09:42 AMT

ՍԱՏՄ-ն ստուգել է ՌԴ-ից և Ղազախստանից ներկրված ցորենը

ՍԱՏՄ-ն պետական վերահսկողության շրջանակներում իրականացրել է ՌԴ–ից և Ղազախստանից ներկրված ցորենի խմբաքանակների լաբորատոր փորձարկումներ իր ենթակայությանը հանձնված «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում, հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Փորձարկումներն իրականացվել են երեք ուղղություններով․

1․ Բուսասանիտարական փորձարկումներ՝ համաձայն Մաքսային Միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 318 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միությունում բույսերի կարանտինի ապահովման մասին» պահանջների,

2․ անվտանգության ցուցանիշների փորձարկումներ՝ համաձայն Մաքսային Միության «Հացահատիկի անվտանգության մասին» 015/2011 տեխնիկական կանոնակարգի պահանջների,

3․ որակի ցուցանիշների փորձարկումներ՝ համաձայն ԳՈՍՏ 9353-2016 «Ցորեն․ տեխնիկական պայմաններ» ստանդարտի պահանջների:

Փորձարկումների արդյունքները․

1․ Բուսասանիտարական փորձարկումների ընթացքում իրականացված միջատաբանական, բուսաախտաբանական և մոլախոտաբանական հետազոտությունների արդյունքում կարանտին վնասակար օրգանիզմներ չեն հայտնաբերվել,

2․ անվտանգության ցուցանիշների փորձարկումների շրջանակում հետազոտվել են թունավոր տարրերը (ծանր մետաղները), պեստիցիդները, միկոտոքսինները և ռադիոակտիվությունը։ Արդյունքում սահմանային թույլատրելի խտություններից շեղումներ չեն արձանագրվել,

3․ որակի ցուցանիշների լաբորատոր հետազոտությունները դեռ ընթացքում են, արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես:

30 տարվա դադարից հետո Ադրբեջանի և Վրաստանի տարածքով ՀՀ է ներկրվել ցորեն ՌԴ–ից և Ղազախստանից։ Ղազախստանից ներկրված ցորենը 4–րդ կարգի է, ինչն աղմուկ է բարձրացրել համացանցում։

4-րդ կարգի ցորենը հիմնականում օգտագործվում է կերերի արտադրության համար և որպես հավելանյութ՝ հաց թխելիս, երբ խառնում են ավելի խոշոր ցորենի տեսակների հետ։ Ղազախստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով ՀՀ ներմուծված ցորենը 4–րդ կարգի է։