Հունիսի 11ին անցկացվեց «Հայջրմուղկոյուղի» ընկերության կողմից կազմակերպվող թվով երկրորդ վիճակահանությունը: Այն հեռարձակվեց հայկական երկրորդ հեռուստալիքի ուղիղ եթերով: Ինչպես առաջին վիճակահանության ընթացքում, այնպես էլ այս անգամ, «Հայջրմուղկոյուղի» կազմակերպած վիճակահանությանը, որպես գլխավոր գործընկեր մասնակցեց ՎՏԲ-Հայաստան բանկը` 300,000-ական դրամ տրամադրելով շահող չորս ՀՋԿ բաժանորդներին:
Ինչպես հաղորդում է ՎՏԲ-Հայաստան բանկի մամլո ծառայությունը, վիճակահանությանը մասնակցում էին ՀՋԿ գլխավոր տնօրեն եւ պայմանագրի կառավարիչ պ-ն Լորենը, ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ պ-ն Օվսյաննիկովը եւ վիճակահանության անդրանիկ շահողները: Վերջիններս հատուկ համակարգչային ծրագրի միջոցով պատահականության սկզբունքով ՀՋԿ տարածքային մասնաճյուղերից ընտրեցին հետեւյալ բաժանորդներին, որոնք էլ ճանաչվեցին երկրորդ վիճակահանության շահողներ` Հյուսիս-Արեւելյան տարածքային մասնաճյուղ` Բզանյան Ռաֆիկ , ք.Արթիկ; Հյուսիս-Արեւմտյան տարածքային մասնաճյուղ` Մելիքսեթյան Մարտուն Պատվականի, ք. Ախթալա; Կետրոն-Արեւմտյան տարածքային մասնաճյուղ` Հովհաննիսյան Նաիրա , գ. Այգեզարդ; Հարավային տարածքային մասնաճյուղ` Գրիգորյան Վարշամ , ք. Կապան:
Շահումների հանձնման արարողությունը կկայանա ՎՏԲ-Հայաստան բանկի գլխամասային գրասենյակում հունիսի 24-ին:
Անցկացվող վիճակահանությունների արդյունքում «Հայջրմուղկոյուղի» ընկերության բաժանորդների թիվն ավելացել է 30%-ով:
Դրամական պարգեւների վիճակահանությունն անցկացվում է չորս ամիսը մեկ պատահական համակարգչային ընտրության հիման վրա, եւ հերթականը` թվով չորրորդը, կկայանա 2009-ի հոկտեմբերի 11-ին: Վիճակահանությանը մասնակցելու համար ընկերության բաժանորդները պետք է բարեխղճորեն եի ժամանակին կատարեն բաժանորդավճարը «Հայջրմուղկոյուղու» ծառայություններից օգտվելու համար` համապատասխան տեղադրված ջրաչափերի ցուցմունքներին:
Առաջին երկու վիճակահանություններն անցկացվել են 2008-ի հոկտեմբերի 11-ին եւ 2009-ի փետրվարին, որոնց հաթող են ճանաչվել Չոլոյան Ռուբենը Բյուրեղավանից, Ժամհարյան Ռեփսիկը Գավառից, Դավթյան Արեւհատը Էջմիածնից, Հարությունյան Գրիգորին Կապանից, Պետրոսյան Գեորգին Չարենցավանից, Մարգարյան Գագիկը Սեւանից, Ավագյան Աշոտը Բերդիկից, Մովսիսյան Լիչոն Կապանից: Նրանք բոլորը 300 հազարական դրամ են ստացել ՎՏԲ-Հայաստան բանկից:
2004-ին տենդերի արդյունքներով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ ղեկավար դարձավ ֆրանսիական «Սաուր» ընկերությունը: «Հայջրմուղկոյուղին» 4 տարածքային մասնաճյուղ ունի, որոնց կենտրոնները Սեւանում, Աբովյանում, Սիսիանում եւ Արտաշատում են: Ընկերությունը սպասարկում է 265 հազ. բաժանորդի հանրապետության 286 գյուղերում եւ 37 քաղաքներում:
ՎՏԲ-Հայաստան բանկը ՎՏԲ խմբի անդամ է դարձել 2004-ի ապրիլին: Ներկայումս ռուսական «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն տնօրինում է ՎՏԲ-Հայաստան բանկի բաժնետոմսերի 100%:
Բանկն ամենալայն մասնաճյուղային ցանցն ունի Հայաստանում` 78 մասնաճյուղ երկրի բոլոր մարզերում եւ խոշոր բնակավայրերում: