AM
13 Նոյեմբեր 2025 - 12:34 AMT

Մաթևոսյան․ COP17-ի հյուրընկալմամբ ՀՀ–ն դառնում է գլոբալ բնապահպանական երկխոսության հարթակ

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հայտնել է, որ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի նոյեմբերի 13-ի նիստում ներկայացրել է 2026 թվականի պետական բյուջեով իր ղեկավարած գերատեսչության համար նախատեսված միջոցառումները։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Նախարարը, ելնելով համաժողովի քաղաքական և միջազգային կարևորությունից, հատուկ անդրադարձ է կատարել 2026 թվականի հոկտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին։

Նա նշել է, որ COP17-ի հյուրընկալմամբ Հայաստանը լինելու է գլոբալ բնապահպանական երկխոսության հարթակ։

«Խոսել եմ միջոցառման նշանակությունից և բյուջետային շրջանակից, ներկայացրել կազմակերպչական աշխատանքները։

Իմ ելույթում անդրադարձել եմ համաժողովի հյուրընկալմամբ և նախագահությամբ մեր երկրի համար ստեղծվող հնարավորություններին։

COP17-ի հյուրընկալմամբ Հայաստանը լինելու է ոչ միայն միջոցառման կազմակերպիչ, այլև՝ գլոբալ բնապահպանական երկխոսության հարթակ և գործընթացների գլխավոր բանակցային միջնորդ և հանդես է գալու որպես միջազգային և տարածաշրջանային կամուրջ։

Իրականացվող բոլոր աշխատանքները լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի համաժողովների միջազգային ստանդարտներին՝ ապահովելով ներառականություն և բաց երկխոսության մթնոլորտ»,–գրել է նա։

Նախարարը շեշտել է, որ Հայաստանը համաժողովի անցկացման շնորհիվ ոչ միայն կուժեղացնի իր դիրքը բնապահպանական քաղաքականության միջազգային շրջանակում, այլև կդառնա առանցքային հարթակ՝ խթանելով գործընկերային ներգրավվածությունն ու տարածաշրջանային համագործակցությունը։

Կենսաբազմազանության մասին ՄԱԿ կոնվենցիայի COP-17 համաժողովն անցկացվելու է Երևանում 2026–ի հոկտեմբերին։