«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Ազգային ժողովում ունեցած ելույթում ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ վերջին 7 տարիների ընթացքում Հայաստանի պետական պարտքը կրկնապատկվել է։
«2018թ․ վերջին մեր պետական պարտքը մոտ 7 միլիարդ դոլար էր, իսկ հիմա՝ մինչև 14 միլիարդ դոլար, այսինքն՝ մոտ կրկնակի ավելացել է։ Իսկ պարտքի սպասարկման համար այս տարի տրվելու է 432 միլիարդ դրամ, որը մոտ կրկնակի ավելի է մեր առողջապահության ոլորտին տրվող գումարից։ Այդքան գումարներ ներգրավել եք, իսկ ի՞նչ հավելյալ արժեք է ստեղծվել մեր երկրում, որ մեր թոռները կարողանան գնահատել այդ արժեքը»,- իշխանության ներկայացուցիչներին հարց է ուղղել պատգամավորը, հայտնում է Sputnik Արմենիան։
Նրա խոսքով, թեև խոստացվել է կառուցել 300 դպրոց, իրականում դրանցից ավարտվել է միայն 59-ի շինարարությունը՝ որոնցից միայն 33-ն են լիովին նոր, իսկ մնացած 26-ը՝ վերակառուցված։
Նա նաև հիշեցրել է, որ խոստացված 15 ջրամբարներից միայն Վեդիինն է կառուցվել, այն էլ, պատգամավորի խոսքով, 2016թ․-ին է մեկնարկել կառուցումը, գործող իշխանության օրոք ավարտվել է։։
Մկրտչյանը շեշտել է՝ պետական պարտքը գրեթե կրկնապատկած իշխանությունն այս տարիների ընթացքում ռազմավարական նշանակության որևէ օբյեկտ, ենթակառուցվածք չի ավելացրել երկրում։ Հիշեցրեց տարիներ շարունակ հնչող մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման խոստման մասին՝ նշելով, որ իշխանության խոստումները նման են հենց կայարանին, որի մասին տարիներ շարունակ խոսում են, բայց այն գոյություն չունի ինչպես խաղաղությունը, ժողովրդավարությունը։
Պատգամավորը նաև նկատել է, որ օտարերկրյա կապիտալը հեռանում է Հայաստանից, իսկ ներդրումների զուտ ներհոսքը նվազել է 155 միլիոն դոլարով՝ խոսելով ներդրումային միջավայրի վատթարացման մասին։
«Իրականում օտարերկրյա կապիտալը փախչում է մեր երկրից, ներդրումների զուտ ներհոսքը նվազել է 155 միլիոն դոլարով, իրականում ո՞վ պետք է գա, մեր երկրում ներդում անի, երբ օրը ցերեկով բիզնես են խլում, երբ հայտարարվում է՝ հարկատուն հերոս է, բայց այդ կարգախոսի ներքո կեղեքում են մեր հայրենակիցներին, հարկային տեռոր է իրականացվում։ Ձեզ համար հարկատուն ոչ թե հերոս է, այլ սովորական տուգանքի մատերիալ։ Իսկ եթե էդ հարկատուն մի հատ էլ ընդդիմադիր հայացքներ է ունենում, առնվազն պոլին պետք է պառկեցնել»,- հայտարարեց Աննա Գրիգորյանը։
Գրիգորյանը ներկայացրել է նաև վիճակագրական տվյալներ խաղադրույքների ոլորտից՝ նշելով, որ ըստ նրա ունեցած տեղեկատվության, 2018 թվականին կատարվել է 422 միլիարդ դրամ խաղադրույք, իսկ 2024-ին այդ թիվը հասել է 7․2 տրիլիոնի, ինչը, ըստ նրա, այս իշխանությունների կողմից խրախուսվող աճ է։
Անդրադառնալով քաղաքական և հասարակական զարգացումներին՝ նա հիշեցրել է Արցախի կորստի փաստը, ինչպես նաև բարձրացրած հարցերը բարձրաստիճան հոգևորականների կալանավորման վերաբերյալ։
Նրա ելույթը ավարտին չի հասցվել.Աննա Գրիգորյանը շարունակում էր թվարկել գործող իշխանությունների օրոք տեղի ունեցած իրողությունները՝ Արցախի կորուստը, բարձրաստիճան հոգևորականների կալանավորումը և այլն, երբ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը որոշեց անջատել նրա խոսափողը։






