AM
14 Նոյեմբեր 2025 - 06:46 AMT

Սամսոնյանն ու Սաղաթելյանը 2 ամսով կալանավորվել են

Դատարանը բավարարել է քննիչի ներկայացրած միջնորդությունը և 2 ամսվա կալանքի որոշում կայացրել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ, հայտնում է Factor.am-ը։

Նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան դիմակավորված անձինք մուտք են գործել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններ։ Բնակարաններում անցկացված խուզարկություններից հետո Սաղաթելյանն ու Սամսոնյանը ձերբակալվել են։

Գործը, որի շրջանակներում քննչական գործողություններ են իրականացվում, հարուցված է խուլիգանության հոդվածով: Ըստ նախնական տեղեկությունների՝ վարույթի նախաձեռնման առիթը Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումներից մեկն է, որում վիրավորական արտահայտություններ են հնչեցվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին: Ապա Սամսոնյանն ու Սաղաթելյանը թեման շարունակել են նաև փոդքասթի շրջանակներում: