AM
14 Նոյեմբեր 2025 - 08:05 AMT

150 միլիոն եվրո. Ամերիաբանկն ու ՎԶԵԲ-ը խոշոր գործարք են կնքել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հաստատել է մինչև 150 միլիոն եվրոյի վարկային փաթեթ Հայաստանի առաջատար ֆինանսական հաստատություններից մեկի` Ամերիաբանկի համար: Սա ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանի մասնավոր հատվածում երբևէ իրականացված ամենախոշոր գործարքն է:

«Սա մեր բազմամյա գործընկերոջ՝ ՎԶԵԲ-ի հետ գրանցած ևս մեկ նշանակալի համատեղ ձեռքբերում է, և ուրախ եմ, որ կնքում ենք այս գործարքը, որը թույլ կտա աջակցել հայկական ընկերություններին՝ բավարարելով նրանց ֆինանսավորման կարիքները, ինչպես նաև ընդլայնել մեր բանկի կողմից ֆինանսավորվող կանաչ ծրագրերի քանակը»,- ասել է Ամերիաբանկի Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Վարկը, որը տրամադրվում է երկու փուլով՝ 100 միլիոն եվրո և ևս 50 միլիոն եվրո տրանշերով, Ամերիաբանկին հնարավորություն կտա ֆինանսավորել միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ)՝ հատկապես ուշադրություն դարձնելով մարզերի հաճախորդներին և նոր վարկառուներին։

ՎԶԵԲ-ի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիի խոսքով` այս ֆինանսավորումը կարևոր դեր կխաղա Հայաստանի մասնավոր հատվածն ուժեղացնելու և կանաչ տնտեսության անցումն արագացնելու գործում:

«Ամերիաբանկի ամուր դիրքը շուկայում և ուղղվածությունը դեպի նորարարությունն ու ՄՓՄՁ հատվածի զարգացումը վերջինիս դարձնում են ՎԶԵԲ-ի հուսալի գործընկեր տարածաշրջանում առաջնահերթ ռազմավարական ծրագրերի իրականացման գործում»,-ասել է նա։

Այս նախաձեռնությունը նաև կաջակցի Հայաստանի` կանաչ տնտեսության անցմանը, քանի որ Ամերիաբանկը հանձնառու է միջոցների առնվազն 40 տոկոսն ուղղել կանաչ ներդրումներին՝ բարձրացնելով ռեսուրսների արդյունավետությունը և վերականգնվող էներգիայի արտադրությունը։

Ի լրումն դրան, ՎԶԵԲ-ի Փոքր բիզնեսին աջակցության հիմնադրամի (SBIF) կողմից ֆինանսավորվող մոտ 170,000 եվրո արժողությամբ տեխնիկական համագործակցության նախագիծը, որին կմասնակցի նաև Ամերիաբանկը, կնպաստի կանաչ նախագծերի իրականացմանը և մոնիտորինգին:

ԵՄ կողմից ֆինանսավորվող խորհրդատվական և կարողությունների զարգացման հետագա ծրագրերը` մինչև 75,000 եվրո ընդհանուր արժողությամբ, կբարձրացնեն ՄՓՄՁ-ների մրցունակությունը, նորարարությունը և արտահանում իրականացնելու պատրաստվածությունը։

Գործարքը համահունչ է ՎԶԵԲ-ի՝ Հայաստանի համար որդեգրած ռազմավարությանը, ֆինանսական ոլորտի ռազմավարությանը, ինչպես նաև կանաչ տնտեսության անցման մոտեցմանը և գենդերային հավասարության խթանման ռազմավարությանը։ Ամերիաբանկի առաջատար դիրքը թվային փոխակերպման, մարզային ներկայացվածության և ներառական ֆինանսավորման առումներով այն ​​դարձնում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից։ Ամերիաբանկը Հայաստանի տնտեսության ամենախոշոր վարկատուն է և ակտիվներով երկրորդը` բանկային համակարգում։ Իր թվային լուծումների և խոշոր քաղաքներում ու երկրի ամենախիտ բնակեցված շրջաններում գտնվող 26 մասնաճյուղերի շնորհիվ Ամերիաբանկը հնարավորություն ունի ֆինանսավորել մասնավոր հատվածի ընկերությունների լայն շրջանակ։

1992 թ. Հայաստանում իր գործունեությունը սկսելուց ի վեր ՎԶԵԲ-ը ներդրել է մոտ 2.6 միլիարդ եվրո ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտների 232 նախագծերում, ընդ որում` ֆինանսավորման 83 տոկոսն ուղղվել է մասնավոր հատվածի զարգացմանը։