ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը խորհրդարանում կայացած ճեպազրույցների ժամանական անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, համաձայն որի մինչև տարեվերջ նախատեսվում է հրապարակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացին վերաբերող առանցքային փաստաթղթերը, այդ թվում՝ 2019 թվականի առաջարկված փաթեթը, ինչպես նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած նամակը։
Նա ասել է, որ Սերժ Սարգսյանը երբևէ չի ստորագրել որևէ նամակ, որի համար որևէ քաղաքացի պետք է ամաչի, հայտնում է Արմենպրեսը։
«Կռահում եմ, թե որ նամակի մասին է խոսքը։ Կարող եմ պնդել, որ նախագահ Սարգսյանը երբևէ իր կյանքում չի ստորագրել որևէ նամակ կամ փաստաթուղթ, որի համար Հայաստանի որևէ քաղաքացի կամ իր թիմակիցներից որևէ մեկը ստիպված կլինի ամաչել։ Երբ նամակը հրապարակվի, դուք կտեսնեք»,– ասել է նա։
Լրագրողների այն հարցին, թե արդյոք ծանոթ է 2019 թվականի հունիսին շրջանառված փաստաթղթին, Մամիջանյանը պատասխանել է, որ ինքը անձամբ չի տեսել այդ փաթեթը, սակայն տեղյակ է դրա հիմնական դրույթներին։
«2019 թվականի փաթեթը ես չեմ տեսել։ Մոտավոր բովանդակությունը գիտեմ։ Գիտեմ, որ դա մի փաստաթուղթ էր, որի վրա աշխատելով հնարավոր էր Հայաստանի համար ստանալ այն, ինչը մենք ցանկանում էինք», – նշել է Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի՝ «Իմնեմնիմի» փոդքաստում հնչեցրած մեկնաբանություններն արդեն լայն արձագանք են գտել հանրության շրջանում, և հենց դրան հաջորդել է փաստաթղթերի հնարավոր հրապարակման մասին ներքաղաքական քննարկումը։ Մամիջանյանը նշել է, որ ընդդիմադիր ուժերին հաջողվել է վարչապետից ստանալ խոստում, ըստ որի այդ նյութերը կհրապարակվեն մինչև տարեվերջ։
Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հայտնել էր՝ տարվա ավարտին հրապարակվելու են Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացին վերաբերող կարևոր փաստաթղթեր, այդ թվում՝ 2019 թվականին առաջարկված փաթեթը և մի նամակ, ստորագրված Սերժ Սարգսյանի կողմից։






