AM
14 Նոյեմբեր 2025 - 11:20 AMT

«ՍԻԹԻ» ՍՊԸ-ում հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ Իրացումը կասեցվել է

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «ՍԻԹԻ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետներում։

Իրականացվել է խաղալիքների նմուշառում, որի արդյունքում պարզվել է, որ «Սլայմեր» տեսակի «Արջուկ», «Հրեշ» և «Միաեղջյուր» անվանումներով վաճառվող խաղալիքների բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար վտանգավոր նյութեր։

Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ արտադրանքի իրացման կասեցման, վաճառքից հետկանչման, և ոչնչացման վերաբերյալ։

Տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել վերոնշյալ խաղալիքները, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ երեխաների առողջության համար հնարավոր վնասներից խուսափելու նպատակով։

Վերահսկողության արդյունքում պարզվել է նաև, որ ընկերության կողմից՝ ներմուծված և տեղական շուկայից ձեռք բերված մեծ թվով ապրանքները, ինչպես նաև ծխախոտային արտադրանքներն ու փոխարինիչները վաճառվում են առանց համապատասխանության գնահատման փաստաթղթերի և մակնշման։