AM
14 Նոյեմբեր 2025 - 12:13 AMT

2027–ից ՀՀ–ում կարգելեն պոլիէթիլենային տոպրակներն ու պլաստիկ տարաները

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել օրենքների նախագծերի փաթեթին, ըստ որի՝ 2027 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է արգելել պոլիէթիլենային տոպրակների և պլաստիկից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների կիրառումը։ Այդ մասին կառավարության նիստում հայտնել է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

«Նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օտարումը, ինչպես նաև առկայությունն առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում, մանրածախ առևտուր իրականացնելիս, բացառությամբ՝ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերի: Արգելքը կտարածվի նաև 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա», – ասել է Մաթևոսյանը, հայտնում է Արմենպրեսը։

Նախարարը հավելել է, որ պոլիէթիլենի փոխարեն որպես այլընտրանք դիտարկվում են թղթից և կտորից պատրաստված բազմակի օգտագործման տոպրակները։

«Արգելվում է նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի առկայությունը կամ օտարումը նույն վայրերում: Այստեղ ևս սահմանված է բացառություն կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով պլաստիկից տարաների համար: Որպես այլընտրանք դիտարկվում են թղթից կամ փայտանյութից պատրաստված սպասքը, ինչպես նաև թղթից կամ փայլաթիթեղից պատրաստված տարաները», – նշել է նախարարը։

Իրավական փոփոխություններով սահմանվում է նաև վարչական պատասխանատվություն օրենքի խախտման համար։ Առաջին խախտման դեպքում տնտեսվարողները կստանան նախազգուշացում, իսկ կրկնվելու դեպքում՝ տուգանվեն 100-ից 150 հազար դրամի չափով։

Կառավարության հաստատած օրենսդրական փաթեթը հետագայում կքննարկվի Ազգային ժողովում։