AM
17 Նոյեմբեր 2025 - 08:38 AMT

Անանյան. Իշխող կուսակցությունը հաղթող է հռչակվում ոչ թե հանրային մեծամասնության, այլ ընտրական մաթեմատիկայի հաշվին

ՊԵԿ նախկին ղեկավար և «Միասնության թևեր» քաղաքական շարժման անդամ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում իր դիտարկումներն է ներկայացրել Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ՝ մատնանշելով «ՏԻՄ համակարգի խորքային կառուցվածքային հակասությունները»։

Նա նշել է, որ «իշխող կուսակցությունը հաղթող է հռչակվում ոչ թե հանրային մեծամասնության, այլ՝ ընտրական մաթեմատիկայի հաշվին»։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընդամենը 21.8% ընտրողների աջակցություն (15,298 քվե՝ 69,866 ընտրողից)։ Սակայն շեմը չհաղթահարած ուժերի ձայների դուրսմղումից հետո այն ձևավորում է ավագանու 59.3% մեծամասնություն՝ 27 մանդատից ունենալով 16 մանդատ։

Ի՞նչ է տեղի ունեցել իրականում

Այս ընտրակարգը (համամասնական + Դ’Հոնտի մեթոդ + բարձր անցողիկ շեմեր) իրական ներկայացուցչությունը փոխարինում է արհեստական մեծամասնության ստեղծմամբ։ Արդյունքում՝ ընդդիմադիր ուժերը, որոնք միասին ստացել են ավելի շատ ձայներ, ստանում են ավելի քիչ ներկայացուցչություն»,–գրել է նա։

Ըստ Անանյանի՝ սա նախադեպ չէ, սա նախազգուշացում է։

«Վաղարշապատի մոդելը կարող է ամբողջությամբ կրկնվել 2026 թվականին կայանալիք համապետական ընտրություններին։ Եթե ընդդիմադիր դաշտը մնա մասնատված, ինքնաբավ, անվստահ ու առանց համախմբման, ապա ընտրական համակարգը կրկին կվերարտադրի իշխանությանը՝ նույն մաթեմատիկական տրամաբանությամբ, անգամ հանրային մեծամասնության բացակայությամբ։

Ռիսկն ունի երկու երես։ Փոքր կուսակցությունների ստացած հազարավոր ձայները «կայրվեն»՝ չհաղթահարելով շեմը:

Էլեկտորալ ռեսուրսը կմսխվի, և իշխանությունը կպահպանվի՝ «պարտվածների մասնատմամբ։

Քաղաքագիտորեն սա նշանակում է․ երբ ընդդիմադիր դաշտում գերակշռում է «խորհրդանշական մասնակցությունը» առանց ռազմավարության՝ համակարգը սկսում է աշխատել ոչ թե բազմակարծության, այլ՝ մեկ ուժի գերակայության ինստիտուցիոնալ ամրապնդման օգտին։ Այստեղ է ձևավորվում ամենավտանգավորը՝ օրինականության և լեգիտիմության տարանջատումը։ Օրենքը գործում է, բայց այլևս չի արտացոլում հանրային կամքի ամբողջական պատկերը»,–ասվում է գրառման մեջ։

Ըստ Անանյանի, Վաղարշապատի ընտրությունները պետք է կարդալ որպես ազդանշան։

«Եթե մինչև 2026 թվականը չձևավորվեն՝ լայն համախմբումներ, իրական քաղաքական դաշինքներ և ընդհանուր ռազմավարություն, ապա նույնիսկ մեծամասնության ձայները կարող են վերածվել փոքրամասնության ներկայացուցչության, իսկ հանրային սպասումները՝ հերթական փակուղու»,–գրել է նա։

Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների նախնական տվյալներով՝ ՔՊ-ն առավելագույն քվեներն է ստացել: Կուսակցության ցուցակը գլխավորել է Արգիշտի Մեխակյանը:

Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում համոզմունք է հայտնել, որ Վաղարշապատի ընտրությունների արդյունքները «կարևոր լիցք են Մայր Աթոռն ազատելու համար», և որ «ժողովուրդը հաղթելու է 2026-ի խորհրդարանական ընտրություններում»։