AM
17 Նոյեմբեր 2025 - 09:22 AMT

Ռուբինյանն ու Հուքերը քննարկել են հայ-թուրքական կարգավորման ընթացքը

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի հետ։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Քննարկեցինք տարածաշրջանային զարգացումներն ու ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացը»,– գրել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ-ի դեսպանատունը տեղեկացրել էր, որ Ալիսոն Հուքերը ժամանել է Երևան՝ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի տեսլականի առաջ մղման նպատակով։

Հուքերը հանդիպելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

«Կքննարկվեն հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության ամրապնդման հետագա քայլերը՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և հայ-ամերիկյան հուշագրերի շրջանակում»,–ասվում է ԱՄՆ դեսպանատան գրառման մեջ։