AM
17 Նոյեմբեր 2025 - 14:09 AMT

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին, հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։

Հուքերին հուշահամալիրի տարածքում դիմավորել է ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը։ Բարձրաստիճան հյուրն ու նրա ուղեկցությամբ ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ, ապա շրջել են հուշահամալիրի տարածքում։

Հուշապատի հատվածում նրանք կանգ են առել նաև հուշաքարերի մոտ, որոնք նվիրված են Հայոց ցեղասպանության տարիներին Կոնստանդնուպոլսում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի և Ամերիկյան Կարմիր խաչի հիմնադիր Կլարա Բարտոնի հիշատակին։

Հենրի Մորգենթաուն ու Կլարա Բարտոնը էական դեր են ունեցել հայ ժողովրդին ցուցաբերված մարդասիրական ծրագրերի իրականացման հարցում։

Ավելի վաղ ԱՄՆ-ի դեսպանատունը տեղեկացրել էր, որ Ալիսոն Հուքերը ժամանել է Երևան՝ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի տեսլականի առաջ մղման նպատակով։

«Կքննարկվեն հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության ամրապնդման հետագա քայլերը՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և հայ-ամերիկյան հուշագրերի շրջանակում»,–ասվում է ԱՄՆ դեսպանատան գրառման մեջ։