AM
12 June 2009 - 14:59 AMT

Հայաստանը նախատեսում է «Հազարամյակի մարտահրավերներից» ստանալ 8.7 մլն դոլար

12-րդ հայտի հատկացման հարցը հաստատվել է «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առեւտրային կազմակերպության Կառավարման խորհուրդի նիստի ընթացքում, որը ղեկավարում է Խորհրդի նախագահ, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այդ մասին հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:

«ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը նշել է, որ հատկացումների 12-րդ հայտով նախատեսվում է գալիք եռամսյակի (հուլիս-սեպտեմբեր) համար Հազարամյակի մարտահրավերներից ընդհանուր վճարային համակարգի միջոցով ստանալ ֆինանսավորում 8 մլն 723 հազար 632 ԱՄՆ դոլարի չափով: Հատկացումների 12-րդ հայտով նախատեսված գումարն ըստ ծրագրի բաղադրիչների հիմնականում ուղղվելու է ոռոգվող գյուղատնտեսության ենթածրագրի իրականացմանը` 7մլն. 831 հազար 822 ԱՄՆ դոլար, ինչպես նաեւ մոնիտորինգի գնահատման եւ ծրագրի կառավարման ծախսերին:

«Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առեւտրային կազմակերպության գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը նշել է, որ ոռոգվող գյուղատնտեսության ենթածրագրով նախատեսված ֆինանսավորումն հատկացվելու է մայր ջրանցքների նախագծմանն ու վերականգնմանը, ինքնահոս համակարգերի նախագծմանը եւ երրորդ կարգի ջրանցքների շինարարությանը: Ծրագրված է նաեւ վարկային կազմակերպությունների միջոցով ֆերմերներին տրամադրել 1 մլն ԱՄՆ դոլար:

Համաձայն 2009թ. հունիսի 10-ին կայացած ՀՄԿ խորհրդի նիստի որոշման կառավարության կողմից հատկացված միջոցների սպառումից հետո ՀՄԿ-ն չի ֆինանսավորի ճանապարհաշինության առաջին փաթեթով նախատեսված աշխատանքների իրականացումը: Գյուղական ճանապարհների վերականգնում ենթածրագրի իրականացման համար ՀՀ կառավարության կողմից հատկացված միջոցների հաշվին մինչ այժմ ծախսվել է 12 մլն. 26 հազար 778 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Ընթացիկ եռամսյակի վերջի դրությամբ ծրագրի փաստացի եւ կանխատեսվող (հունիս ամսվա) ծախսերի ընդհանուր գումարը կազմում է 37մլն 571 հազար 449 ԱՄՆ դոլար:

Հատկացման հայտը «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահի կողմից վավերացնելուց հետո, կներկայացվի ՀՄԿ հաստատմանը: