AM
17 Նոյեմբեր 2025 - 14:47 AMT

Գրիգորյանը Հուքիերի հետ հանդիպմանը կարևորել է ԱՄՆ–ՀՀ ուղիղ թռիչքների հարցը

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 17-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի հետ, մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում ձևավորված խաղաղության իրավիճակի վերաբերյալ՝ այն դիտարկելով որպես պատմական բնույթի ձեռքբերում։

Երկուստեք ընդգծվել է, որ երկկողմ գործընկերության ընդլայնման համատեքստում առանձնահատուկ տեղ ունի տնտեսական հարաբերությունների խորացումը, ինչպես նաև Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև ուղիղ ավիաթռիչքների հաստատումը։

ԱԽ քարտուղար Գրիգորյանն ընդգծել է խաղաղության գործընթացի ինստիտուցիոնալացման անհրաժեշտությունը՝ առանձնացնելով նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման ուղղությամբ տարվող քայլերը։ Այս համատեքստում քննարկման առարկա է դարձել նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաղորդակցության ծրագիրը և դրա շրջանակում նախաձեռնվող գործողությունները։

Արմեն Գրիգորյանն ու Ալիսոն Հուքերը կարևորել են նաև ՀՀ–ԱՄՆ հարաբերությունների խորացման նպատակով օգոստոսի 8-ին ստորագրված փոխըմբռնման երեք հուշագրերի նշանակությունը և նշել են ապագա համագործակցության հնարավոր զարգացումները։

Ավելի վաղ ԱՄՆ-ի դեսպանատունը տեղեկացրել էր, որ Ալիսոն Հուքերը ժամանել է Երևան՝ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի տեսլականի առաջ մղման նպատակով։

«Կքննարկվեն հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության ամրապնդման հետագա քայլերը՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և հայ-ամերիկյան հուշագրերի շրջանակում»,–ասվում է ԱՄՆ դեսպանատան գրառման մեջ։