Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, արձագանքելով հարցին, թե հաջորդ տարի հնարավո՞ր է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում լինի, ասել է, որ տեսականորեն ամեն բան հնարավոր է, սակայն այս փուլում, երբ ընթանում է էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը, նպատակահարմար չի համարում գնահատական հնչեցնել։
Նա տեղեկացրել է, որ եկող տարի 5 ամիս կանգնած է լինելու, գրում է Aysor.am-ը։
«Լավատեսություն ունեմ և ամեն ինչ անելու եմ, որ տեսանելի ապագայում սակագները չբարձրանան, որովհետև կա մի խոչըդոտող գործոն գալիք տարվա համար։ Պլանավորվում է գալիք տարում հայկական ատոմակայանը 3 և ավելի ամիս վերանորոգման մեջ պահել, այսինքն՝ 5 ամիս կանգնած է լինելու՝ 2 ամսվա փոխարեն։
Ինքներդ եք հասկանում, որ ատոմակայանի պես էժան էլեկտրաէներգիայի աղբյուր հանդիսացող ռեսուրսը, երբ չի աշխատում, ինքնաբերաբար բացասական ազդեցություն է ունենում ընդհանուր սակագնի վրա։ Կփորձենք մեղմել այդ հանգամանքը և վերջնարդյունքի մասին կտեղեկացնենք», – ասել է ՀԾԿՀ նախագահը։






