AM
18 Նոյեմբեր 2025 - 07:42 AMT

Վերականգնումից հետո վերաբացվել է Կարմիր կամուրջը

Ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներից հետ Երևանի Կենտրոն վարչական շրջանում վերաբացվել է պատմական Կարմիր կամուրջը, որը, կապելով Հրազդանի կիրճի ափերը՝ հաղորդակցություն է ապահովել Երևանի բերդից դեպի Արարատյան դաշտավայր:

Այս առիթով կազմակերպված միջոցառմամբ ավարտվել է նաև «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը, որն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության և Եվրոպական միության համատեղ նախաձեռնության շրջանակում։

Բացման հանդիսությանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանն ու Դանիել Դանիելյանը։

«Կարմիր կամուրջ» հուշարձանի վերականգնումն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության և բարերարի միջև 2022 թվականին կնքված փոխըմբռնման հուշագրով։ Վերականգնումը կատարվել է 2024-2025 թվականներին՝ բարերար Յուրի Աֆրիկյանի ներդրումներով՝ պահպանելով բոլոր պատմական շերտերը, որոնք արժեք են ներկայացնում վերակառուցման տեսանկյունից։

Հուշարձանը հանրապետական նշանակության է և տեղակայված է Հրազդան գետի վրա։ Այն համարվում է Երևանում պահպանված ամենահին կամուրջը և միջնադարյան Հայաստանի կարևորագույն ինժեներական կառույցներից։ Կամուրջն ունի 11 մետր բարձրություն, 80 մետր երկարություն և 6.5 մետր լայնություն։

Այն ունեցել է ռազմավարական կարևորություն, քանի որ նրա վրայով անցել են առևտրական քարավաններ, բեռներով սայլեր, կենդանիներ, զինվորներ ու հեծելազոր, որոնք տեղափոխել են նաև հրետանի և ռազմական այլ նյութեր։

Կամուրջը կառուցվել է 10-13-րդ դարերում՝ սրբատաշ ճակատներով, թաղերով և ատամնաձև շարվածքով եռաշերտ ճակատային կամարներով։ Իր գոյության ընթացքում այն բազմաթիվ անգամներ վնասվել է՝ ինչպես երկրաշարժերից, այնպես էլ տարբեր պատմական իրադարձություններից։

1679 թվականի երկրաշարժից հետո այն հիմնովին վերակառուցվել կամ նորից կառուցվել է հովանավորությամբ մեծահարուստ վաճառական Խոջա Փլավիի (իսկական անունը՝ Հակոբ), ով եղել է քանաքեռցի բարերար։ Այս պատճառով էլ երբեմն կամուրջը հայտնի է որպես Խոջա Փլավի կամուրջ, իսկ «Կարմիր» անունը ստացել է թրծված աղյուսի և կարմիր տուֆաքարերի գույնի շնորհիվ։

1655 թվականին ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնիեն պատկերել է կամուրջը՝ որպես եռակամար կառուցվածք։ 1796 թվականի գծանկարում այն արդեն պատկերված է չորս բացվածքով՝ երկու խոշոր կենտրոնական և երկու փոքր՝ եզրերում։ Խորհրդային շրջանի լուսանկարներում արձանագրվել է միայն երկու կենտրոնական մեծ բացվածք՝ եզրերում՝ ամրաշինական փակ պատերով։

Կառույցի վերակառուցման և նորոգման աշխատանքներ իրականացվել են 1830-ական և 1960-ականներին, որոնց ժամանակ կամուրջի եզրերին կառուցվել են բազալտե հենապատեր՝ ամրության համար։

1980-ականներին ևս սկսվել է վերականգնում, սակայն այն ավարտին չի հասցվել։ Մինչ 2024-2025 թվականների ամբողջական վերականգնումը պահպանվել էին միայն կամրջի հարավային մեծ կամարն ու հյուսիսային խուցը։ Ըստ էության, կամուրջը գրեթե փլուզված է եղել և ունեցել է անհետաձգելի վերականգնման կարիք։