ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանել է, որ մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե իբր փոփոխություններ են կատարվել Լեռնային Ղարաբաղից հարկադրաբար տեղափոխված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում, չեն համապատասխանում իրականությանը։
Նախարարությունից ընդգծել են, որ նշված ծրագրում որևէ փոփոխություն չի կատարվել, և գործող միջոցառման շրջանակում շարունակվում է տրամադրվել 3-ից 5 միլիոն դրամ ֆինանսական աջակցություն՝ բնակարան գնելու կամ տուն կառուցելու նպատակով։
«Ավելին՝ հանրային քննարկման է ներկայացվել բոլորովին նոր ծրագիր՝ 1-3 անդամ ունեցող ընտանիքների բնակապահովմանն առնչվող հարցերի լուծման համար։ Միջոցառման շրջանակում նախատեսվում է աջակցություն տրամադրել վարձակալության վճարի երկարաժամկետ մասնակի փոխհատուցման եղանակով՝ 120 ամսվա ընթացքում, յուրաքանչյուր ընտանիքի անդամի համար՝ ամսական 40,000 դրամ։
Նոր ծրագիրը ներկայումս հանրային քննարկման փուլում է՝ e-draft․am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ քաղաքացիների կողմից ներկայացվող առաջարկներն ու դիտարկումները սահմանված ժամկետում կհավաքվեն և, ըստ անհրաժեշտության, կընդգրկվեն ծրագրի վերջնական տարբերակում։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Ավելի ուշ՝ հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահը երկրորդ հրամանագիրն էր հրապարակել, որով անվավեր է ճանաչել Արցախը լուծարելու մասին տեղեկատվական շտաբում տեղ գտած տեղեկությունը։






