Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, անդրադառնալով Cloudflare-ի խափանմանը, ասել է, որ երբ հետևանքները գնահատվեն, կպարզվի՝ որքան հարյուր միլիոն դոլարի վնաս է պատճառվել աշխարհի տնտեսությանը։ Նրա դիտարկմամբ՝ շատ լուրջ բիզնեսներ կորցնում են իրենց այցելուներին, հայտնում է «Փաստինֆոն»։
«Cloudflare-ի վրա նստած է աշխարհի ինտերնետի բավականին լուրջ հատված։ Հայաստանում, օրինակ, լրատվամիջոցների գերակշռող մասը, և ոչ միայն Հայաստանում։ Մի կողմից լուրջ բիզնեսներ կորցնում են իրենց այցելուներին, նաև շատ բիզնեսների գործիքը չի աշխատում»,–ասել է նա։
Մարտիրոսյանն ավելացրել է, որ նման մակարդակի խափանում վերջին շրջանում նկատվել է Amazon-ի ամպային համակարգերում։
«Վերջերս այս մակարդակի խափանում եղել է Amazon-ի cloud-ում․ այնտեղ էլ շատ-շատ կայքեր չէին բացվում կամ կարող էր կայքը բացվել, բայց ծառայությունները չաշխատեին։ Մարդկության կախվածությունը մի քանի մեծ ընկերությունից շատ մեծ է։ Ընդամենը մի քանի ընկերություն են կանգնած ծառայությունների մեծ մասի հետևում, և երբ խոշորի հետ մի բան է լինում, քաշվում են բոլորը», – ասել է Մարտիրոսյանը։
Նոյեմբերի 18–ին մի քանի ժամով հայաստանյան լրատվական դաշտն անգործունակ է եղել՝ կայքերը հասանելի չեն եղել Cloudflare-ի համակարգերի խափանման պատճառով։ Նշված խնդիրը կրել է մասշտաբային բնույթ և արձանագրվել է նաև այլ երկրներում՝ անդրադառնալով նույնիսկ հայտնի սոցիալական հարթակների աշխատանքին։






