Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը կարևորել է հետվճարային մեխանիզմի միջոցով կենսաթոշակների բարձրացման ծրագիրը՝ նշելով, որ այն ոչ միայն շարունակվելու է, այլև ընդլայնվելու է՝ առաջարկելով ավելի բարձր փոխհատուցում։
Նախարարի խոսքով՝ ներկայում թոշակառուները, եթե իրենց կենսաթոշակը ծախսում են անկանխիկ եղանակով՝ օրինակ՝ բանկային քարտով, ապա կարողանում են ստանալ իրենց ամսական գնումների 12 տոկոսի չափով գումարի վերադարձ, սակայն ոչ ավելի քան 6000 դրամ, հայտնում է Արմենպրեսը։
«Հիմա մենք շրջանառում ենք Կառավարության որոշման նախագիծ, որով այն դարձնելու ենք 20 տոկոս, բայց ոչ ավելի քան 10,000 դրամը։ Սա, ըստ էության, քաղաքացիներին տրվող գործիք է, որ իրենք իրենց կենսաթոշակը բարձրացնեն, որովհետև քաղաքացին է որոշում, թե ինչպես ծախսի այդ գումարը՝ կանխի՞կ, թե անկանխիկ, և դրանից էլ բխում է, թե նա որքան ավել գումար կստանա։ Մենք ունենք ամեն ամիս աճող թվեր։
350 հազարից ավելի կենսաթոշակառուներ և նպաստառուներ ստանում են այդ հետվճարը, որի միջին չափը տատանվում է 4100 դրամի շրջանակներում, բայց յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կարող է լինել մինչև 6 հազար դրամ։ Նոր տոկոսադրույքներով այն կարող է հասնել 10,000 դրամի, բայց մենք կարծում ենք, որ միջինը լինելու է 7-8 հազար դրամի շրջանակներում»,- մանրամասնել է նախարարը:
Նա շեշտել է, որ, օրինակ, 50 հազար դրամ կենսաթոշակ ստացող քաղաքացին կարողանալու է ուղղակի իր թոշակի գումարով անկանխիկ առևտուր անելու միջոցով իր կենսաթոշակը բարձրացնել 10 հազար դրամով։
Թորոսյանն ընդգծել է, որ թեև որոշ քաղաքացիներ պնդում են՝ պետք է ուղղակի բարձրացնել կենսաթոշակները։
«Մենք էլ ասում ենք, որ դա էլ է հնարավոր, բայց դրա համար հարկավոր է հավաքագրել ավել հարկեր, իսկ ավել հարկեր հավաքագրելու համար անհրաժեշտ է կրճատել ստվերը, իսկ ստվերը կրճատելու համար անհրաժեշտ է, որ գնումները լինեն հնարավորինս օրինական՝ տպված փաստաթղթերով՝ ՀԴՄ-ով կամ քարտով։ Քարտի դեպքում պետությանը խաբել հնարավոր չէ, տնտեսվարողը չի կարող խաբել պետությանը և ՀԴՄ-ն չտպել։ Դրանով մենք ավելացնում ենք հարկերը, որով էլ ավելացնում ենք կենսաթոշակը»,- ասել է Արսեն Թորոսյանը։






