AM
19 Նոյեմբեր 2025 - 14:17 AMT

Վեդիի ավագանին կողմ է քվեարկել Կարմիր սարում հանքի բացման նախագծին

Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանին, համայնքապետ Գարիկ Սարգսյանի նախագահությամբ, միաձայն հաստատել է Կարմիր սարում հանքարդյունահանման նպատակով փորձագիտական հետազոտություններ իրականացնելու նախագիծը։

Քննարկվել է «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ծրագիրը, որը վերաբերում է Վեդի համայնքի Գինեվետ բնակավայրի վարչական տարածքում գտնվող Կարմիր սարի կրաքարային մերգելների (կավակրաքարերի) հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքի տրամադրմանը՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման շրջանակում, հայտնում է Factor.am-ը։

Հոկտեմբերի 13-ին Գինեվետ գյուղում տեղի են ունեցել նախնական հանրային լսումներ՝ կապված նույն ծրագրի հետ, որը ներկայացրել է «Օրդ Գրուպ»-ը։ Նախագիծն իր մեջ ներառում է նաև ցեմենտի գործարանի կառուցում։

Ըստ նախագծի հեղինակների՝ ներդրումների նախնական ծավալը կազմելու է 25 մլն դրամ, իսկ անհրաժեշտության դեպքում այն կարող է հասնել մինչև 35 մլն-ի։

Մինչդեռ բնապահպանները և տեղացի բնակիչները բարձրաձայնել են բաց հանքարդյունահանման հնարավոր վտանգների մասին՝ ընդգծելով, որ դա կարող է վնաս հասցնել գյուղատնտեսությանը։ Նրանք նաև զգուշացրել են, որ հանքավայրի տարածքում աճում են Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ։