Firebird-ը՝ ԱՄՆ-ում գործող արհեստական բանականության (ԱԲ) ամպային և ենթակառուցվածքային տեխնոլոգիաների ընկերությունը, ստացել է ԱՄՆ արտահանման թույլատվություն և հայտարարել է Հայաստանում իր առաջին 500 միլիոն դոլարի ներդրման մասին։ Սա բազմամիլիարդանոց մեգանախագծի մեկնարկային փուլն է, որի նպատակն է տարածաշրջան բերել բարձր հզորությամբ ԱԲ գերհամակարգչային ենթակառուցվածք։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Firebird ընկերությունը ստացել է ԱՄՆ արտահանման լիցենզիա և հայտարարել «Dell Technologies»-ի հետ տեխնոլոգիական գործընկերության մասին՝ ամրապնդելով Հայաստանի դիրքերը արհեստական բանականության և թվային զարգացման ոլորտում։ Այս մասին ընկերությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ նախագծի իրականացումը հնարավոր է դարձել ՀՀ կառավարության աջակցության շնորհիվ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական առաջնորդությամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ և այլ դերակատարների մասնակցությամբ»,–գրել է նա։
Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ սա բազմամիլիարդանոց մեգանախագծի մեկնարկային փուլն է, որի նպատակն է տարածաշրջան բերել բարձր հզորությամբ ԱԲ գերհամակարգչային ենթակառուցվածք։
Ինչպես նախապես հայտարարվել էր NVIDIA-ի կողմից Փարիզում անցկացված GTC համաժողովում, Firebird-ը կստեղծի տարածաշրջանի ամենաառաջադեմ ԱԲ կլաստերներից մեկը, որը կգործի Dell Technologies-ի PowerEdge բարձր արդյունավետությամբ ԱԲ սերվերներով և NVIDIA Blackwell գրաֆիկական պրոցեսորներով (GPU)։ Այս գրաֆիկական պրոցեսորները հնարավորություն կտան գիտահետազոտական հաստատություններին, տեխնոլոգիական ընկերություններին և ձեռնարկություններին լայնածավալ կերպով գործարկել ժամանակակից ԱԲ մոդելներ։
Նախագծի առաջին փուլի գործարկումը նախատեսված է 2026 թվականի առաջին կեսին՝ Հայաստանը դիրքավորելով որպես ԱԲ նորարարության տարածաշրջանային կենտրոն տարբեր ոլորտներում՝ շեշտը դնելով կենսաբանական գիտությունների, ռոբոտաշինության և տիեզերական տեխնոլոգիաների ոլորտների վրա։
«Firebird-ի ապագա կենտրոնները կմատակարարեն կայուն և բարձր արդյունավետությամբ ԱԲ ենթակառուցվածք՝ հիմնված ամերիկյան տեխնոլոգիական շղթայի և ԱՄՆ չափանիշների վրա՝ սպասարկելով զարգացող շուկաները։
«Մեր տեսլականն է՝ առաջադեմ ԱԲ-ն հասանելի դարձնել յուրաքանչյուրին՝ ընդհանուր բարիքի համար։ Մենք կառուցում ենք այն տեխնոլոգիական հիմքը, որը ամենուրեք հնարավորություն է տալու ինժեներներին, հետազոտողներին և ստեղծարար մարդկանց աշխատել համաշխարհային մակարդակի գործիքներով», – նշեց Firebird-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Ռազմիկ Հովակիմյանը։
«Այս զարգացումները հաջորդում են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ և ՀՀ կառավարությունների միջև արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական երկկողմ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը՝ էլ ավելի խորացնելով համագործակցությունը տեխնոլոգիաների, նորարարության և անվտանգ առևտրի ոլորտներում։ Firebird-ի նախաձեռնությունը արտացոլում է երկու երկրների համատեղ հանձնառությունը՝ խթանելու նորարարությունը, ուժեղացնելու տնտեսական դիմակայունությունը և զարգացնելու տեխնոլոգիական առաջընթացը»,- նշված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Bloomberg-ըտեղեկացրել է, որ ԱՄՆ կառավարությունը հաստատել է ՀՀ արտահանվող գերհամակարգչի կառուցման նպատակով նախատեսված Nvidia չիպերի առաքումը։






