AM
20 Նոյեմբեր 2025 - 09:33 AMT

Կենսաթոշակներն ու նպաստները 2026-ից կտրամադրվեն միայն անկանխիկ եղանակով

ՀՀ–ում բոլոր տեսակի կենսաթոշակներն ու պարբերական բնույթի մի շարք նպաստներ 2026 թ. ապրիլի 1–ից կտրամադրվեն բացառապես անկանխիկ եղանակով։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

«Որոշ դեպքերում, երբ գումար ստացողը 75 տարի և ավելի է կամ ունի խորը/ծանր ֆունկցիոնալ սահմանափակում, այդ գումարները կարող են վճարվել նաև կանխիկ»,– նշել է նախարարը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա հավելել է, որ միայն վերջին ամսվա ընթացքում կանխիկ եղանակով կենսաթոշակ և նպաստ ստացողների թիվը նվազել է 10 հազարով։

Ըստ ներկայացված տվյալների՝ այս պահին հանրապետությունում կա մոտ 661 հազար քաղաքացի, որոնք ստանում են կենսաթոշակ կամ նպաստ։ Նրանցից կանխիկ եղանակով այդ գումարները ստանում է մոտ 60 հազարը։

Նոյեմբերի 7-ին կայացած կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ–ում պետք է բոլոր գործարքներն ու վճարումները, ներառյալ նաև տարեցների թոշակների տրամադրումը, իրականացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով։ Նա գործադիրի անդամներին տվել է երկու շաբաթ ժամանակ՝ հարցը վերջնական լուծման հասցնելու և հունվարի 1-ից էլեկտրոնային համակարգի ամբողջական կիրառումը ապահովելու համար։