Աշխատանքային այցով Կիպրոսում գտնվող ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի և Հետախուզության ծառայության տնօրենի՝ Տասոս Ցիոնիսի հետ։
Զրույցի ընթացքում կողմերn անդրադարձել են Հարավային Կովկասում ձևավորված խաղաղ իրավիճակին և դրա համատեքստում ձեռնարկվող գործողություններին։ Ցիոնիսի առաջարկով Արմեն Գրիգորյանը ներկայացրել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության իրագործման ուղղությամբ տարվող նախապատրաստական աշխատանքների ընթացքը։
ԱԽ քարտուղարը իր երախտագիտությունն է հայտնել Կիպրոսի կողմին ջերմ ընդունելության համար և շեշտադրել է Հայաստանի ու Կիպրոսի միջև հաստատված քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները՝ հատկապես ընդգծելով բարձրաստիճան փոխայցելությունների և շարունակական երկխոսության նշանակությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև քաղաքական օրակարգի բազմաբնույթ հարցերի շուրջ՝ անդրադառնալով նաև բազմակողմ ձևաչափերում գործակցելու հեռանկարներին։ Արմեն Գրիգորյանը հավելյալ շնորհակալություն է հայտնել հայկական կառույցների օգտին կիպրական իշխանությունների կողմից ցուցաբերված հետևողական աջակցության համար։
Հանդիպման ավարտին երկու կողմերն էլ վերահաստատել են համատեղ գործակցությունը շարունակելու իրենց հանձնառությունը՝ նպատակ ունենալով լիովին օգտագործել համագործակցության ներուժը՝ ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների բարեկամության ամրապնդման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի առաջխաղացման։
Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։
«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։






