Սցենարիստ և հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը «Իշխանության գրոհը սահմանադրական ազատությունների դեմ և մեր պատասխանը» թեմայով հանրային ֆորումի ժամանակ հայտարարել է, որ իրավական ճանապարհով պետք է կարողանալ կարգավորել նաև քաղաքական հարցերը։
«Նկատի ունենալով այն ամբարտավանությունը, լկտիությունը, որը տարվում է քաղաքական ասպարեզում, մեզ մնում են միայն իրավական լուծումները, իրավական ճանապարհը»,-ասել է նա, հայտնում է Panorama,am-ը։
Տիգրան Պասկևիչյանը անդրադարձել է նաև վերջին օրերին տեղի ունեցած մի դրվագի։ Նա պատմել է, որ երբ անցած կիրակի Սյունիքից վերադառնում էր Երևան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խաչիկ գյուղում մասնակցում էր պատարագի։
«Ամբողջ ճանապարհը պարեկներ ու ոստիկաններ էին։ Սա որոշակի ծախս է, որը պետությունն անում է միայն մի մարդու քմահաճույքի համար, որ ինքը պետք է գնա պատարագի։ Այս հարցը պետք է դարձնել քննարկման առարկա։ Ինչո՞ւ պետք է մի մարդ այդ ահռելի միջոցները մեր հաշվին օգտագործի։ Ահռելի միջոցներ օգտագործելու բազմաթիվ դեպքեր կան»,–ասել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում կարգալույծ քահանայի՝ Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին 2 անգամ մասնակցելուց հետո, նոյեմբերի 9–ին մասնակցել է Թալինում Տեր Թադեի մատուցած պատարագին, իսկ նոյեմբերի 16-ին Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված պատարագին։






