AM
20 Նոյեմբեր 2025 - 13:25 AMT

Կոստանյան․ Վաշինգտոնյան համաձայնությունները նոր հնարավորություններ են ստեղծում նաև Վրաստանի համար

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ամփոփելով Թբիլիսիում անցկացրած հանդիպումներն ու դրանց արդյունքները, հայտարարել է, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունները նոր հնարավորություններ են բացելու նաև Վրաստանի համար, հայտնում է Արմենպրեսը։

Նա Վրաստան էր այցելել նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում։

Փոխնախարարի բնորոշմամբ՝ Հայաստանն ու Վրաստանը մշտապես շատ բաց քննարկումներ են ունենում տարբեր հարցերի վերաբերյալ։

«Հայաստանն ու Վրաստանը մշտապես շատ բաց շփումներ են ունենում երկուստեք հուզող հարցերի շուրջ։ Խոսում ենք նաև, բնականաբար, տարածաշրջանային համագործակցության մասին, որովհետև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումից հետո, ըստ էության, ապաշրջափակում է տեղի ունենալու ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլև դա նոր հնարավորություններ է բացելու բարեկամ Վրաստանի համար։ Այդ առումով երկկողմ օրակարգը բավականին հագեցած էր, և վստահաբար նաև այս այցի ընթացքում ՀՀ նախագահը իր հանդիպումների ընթացքում շոշափել է այս բոլոր թեմաները»,–ընդգծել է Կոստանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստան–Վրաստան հարաբերություններում մշտապես պահպանվում է ակտիվ և բաց երկխոսություն, իսկ փոխայցելությունների ինտենսիվությունը բարձր է։

«Վերջին 1-2 ամսվա ընթացքում արդեն ունեցել ենք Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը, օրեր առաջ ՀՀ արտաքին գործերի նախարարը ևս պաշտոնական այցով Թբիլիսիում էր, Արդարադատության նախարարը ևս այստեղ էր, մյուս շաբաթ սպասվում է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի այցը։ Բացի դրանից, վրացի գործընկերների հետ շփումները նաև հեռավար են շարունակում, ինչը խոսում է մեր հարաբերությունների կարևորության մասին»,–նշել է Վահան Կոստանյանը։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահի վկայությամբ, կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ խաղաղության գագաթնաժողով։ Այս հանդիպման արդյունքում ստորագրվել է հռչակագիր, որով Հայաստանն ու Ադրբեջանը արձանագրել են խաղաղության հաստատումը։