Կալանքի տակ գտնվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է։ Այդ մասին հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, տեղեկացնում է Արմենպրեսը։
«Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը): Վերջինս ձերբակալվել է»,-հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:
Ավելի վաղ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել էր մեկ այլ մեղադրանքով և ազատ էր արձակվել հոկտեմբերի 15–ին։ Ըստ ՔԿ-ի՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Ղ.-ն, օգտագործելով իր սոցիալական դիրքը և հեղինակությունը, Գյումրի համայնքին պատկանող գույքն իրենը դարձնելու նպատակով, մոտեցել է բեռնատար տրանսպորտային միջոցի վարորդին՝ պահանջելով մեքենայի թափքին բեռնված գույքը տեղափոխել իրեն ու իր ընտանիքին պատկանող հանգստյան գոտի։
Վարդան Ղուկասյանն ավելի վաղ ասել էր, որ որդու դեմ նախաձեռնված իրավական գործընթացն իրականում իր դեմ է, բայց նման քայլերով իրեն չեն կոտրի։






