Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները, որոնց անունները մինչ այս պահը գաղտնի են պահվում, հասել են Բաքու։
Նրանք Ադրբեջանի մայրաքաղաք հասել են հատուկ չվերթով, Airbus A320-ով թռիչքի տևողությունը եղել է 50 րոպե, հայտնում է Panorama.am-ը։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, «այցը իրականացվում է ի պատասխան հոկտեմբերի 21-22-ը տեղի ունեցած՝ ադրբեջանական պատվիրակության այցին Երևան։ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև երկխոսությունը շարունակվում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունված համատեղ հայտարարությունից հետո ուրվագծված խաղաղության օրակարգի շրջանակում»։
Ենթադրվում է, որ Բաքու են մեկնել ԱԽ գրասենյակում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցած գործիչները։
Նոյեմբերի 20–ի նիստում կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթի հետ հաստատել էր նաև Երևան-Բաքու և Բաքու-Երևան չարթերային թռիչքի համար հատկացվող բյուջեն։
Նշվում էր, որ նոյեմբերի 21-22-ը 5 փորձագետ կմեկնի Բաքու՝ մասնակցելու կլոր սեղան-քննարկմանը։ Այս նպատակով կառավարությունը մոտ 18 մլն դրամ է հատկացրել։ Ըստ որոշման հիմնավորման՝ կլոր սեղան քննարկմանը մասնակցելու միջոցով կակտիվանան հայ և ադրբեջանական քաղհասարակությունների ներկայացուցիչների շփումները և կձևավորվեն երկու պետությունների հասարակությունների միջև վստահության կառուցման մեխանիզմներ:
Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այցը Հայաստան ուղեկցվել էր քննադատություններով, քանի որ պատվիրակության կազմում ընդգրկված էր նաև Դիլարա Էֆենդիևան, որը նախկինում մասնակցել էր Արցախի շրջափակմանը՝ որպես «էկոակտիվիստ»։






