AM
21 Նոյեմբեր 2025 - 08:49 AMT

Apple-ը պատվիրակություն կգործուղի ՀՀ՝ գործունեության ընդլայնման ուղղություններն ուսումնասիրելու

Apple ընկերությունը պատրաստվում է ուսումնասիրել Հայաստանում իր գործունեության ընդլայնման հնարավոր ուղղությունները՝ նախատեսելով առաջիկայում պատվիրակություն գործուղել երկիր։ Այդ մասին քննարկում է եղել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանի հանդիպմանը Apple-ի միջազգային համագործակցության բաժնի ավագ տնօրեն Ջեյսոն Լունդգարդի հետ, հայտնում է ՀՀ դեսպանությունը։

Հանդիպման ժամանակ դեսպան Մկրտչյանն ամփոփ կերպով ներկայացրել է օգոստոսի 8-ին ստորագրված Հայաստանի ու ԱՄՆ Առևտրի ներկայացուցիչների գրասենյակի միջև կնքված փոխըմբռնման հուշագիրը, որը վերաբերում է ԱԲ-ի և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերությանը։ Նա նաև ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական դաշտի առավելությունները և ներդրումների համար ստեղծված պայմանները։

Քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները և Apple-ի կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու նախադրյալները։

Դեսպան Մկրտչյանը իր երախտագիտությունն է հայտնել Ջեյսոն Լունդգարդին՝ Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջում (ACT) Apple-ի առաջին կրթական նախաձեռնությունը սկսելու համար։ Կողմերը նաև վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել համագործակցությունը՝ կրթական ծրագրի ընդլայնման ուղղությամբ։

Firebird-ը՝ ԱՄՆ-ում գործող արհեստական բանականության (ԱԲ) ամպային և ենթակառուցվածքային տեխնոլոգիաների ընկերությունը, ստացել է ԱՄՆ արտահանման թույլատվություն և հայտարարել է Հայաստանում իր առաջին 500 միլիոն դոլարի ներդրման մասին։ Սա բազմամիլիարդանոց մեգանախագծի մեկնարկային փուլն է, որի նպատակն է տարածաշրջան բերել բարձր հզորությամբ ԱԲ գերհամակարգչային ենթակառուցվածք։