Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացումը դիտարկվել է որպես ռազմավարական կարևորություն՝ տնտեսության և մրցունակության ուժեղացման համատեքստում։ Այդ մասին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ասել է «Էլեկտրոնային առևտրի օրենսդրության մոտարկում» թեմայով աշխատաժողովում։
Իր ելույթում նա շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միությանը՝ «Աջակցություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) մշտադիտարկմանը, իրականացմանն ու հաղորդակցությանը» ծրագրի շրջանակում աշխատաժողովը կազմակերպելու համար։
«Հայաստանի և ԵՄ-ի համագործակցությունը չի սահմանափակվում միայն էլեկտրոնային առևտրի կարգավորմամբ, այն ներառում է նաև թվային տնտեսության, նորարարական ենթակառուցվածքների, գիտահետազոտական ծրագրերի, ինչպես նաև կրթության և մարդկային կապիտալի զարգացման լայն ոլորտներ»,- նշել է Ռուբեն Սիմոնյանը։
Նա հավելել է, որ այս նախաձեռնությունները նպաստում են Հայաստանում մրցունակ թվային էկոհամակարգ ձևավորելուն, խթանում են փոքր և միջին ձեռնարկությունների նորարարական ներուժի աճը, ամրապնդում են գիտության ու արդյունաբերության կապերը և արագացնում Հայաստանի ինտեգրումը եվրոպական թվային ու նորարարական շուկաներ։
Միջոցառման ընթացքում մասնակիցները ծանոթացել են «Էլեկտրոնային առևտրի մասին» օրենքի նախագծի հիմնական նպատակներին ու դրույթներին։
Քննարկումների շրջանակում հստակեցվել են նախագծի կիրառելիությանը, ոլորտում առկա մարտահրավերներին ու առանձնահատկություններին վերաբերող մի շարք հարցեր։






