ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի ընթացքում Հայաստանն ու Ղազախստանը պատրաստվում են կնքել ավելի քան տասը փաստաթուղթ, որոնց տնտեսական բաղադրիչը կարևոր ազդեցություն կունենա երկու երկրների գործակցության վրա։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ըստ նրա՝ վերջին շրջանում ձեռք բերված լոգիստիկ պայմանավորվածությունները փաստում են, որ երկկողմ համագործակցությունը մեծ ներուժ ունի, հայտնում է Արմենպրեսը։
«Տրանզիտ ներուժը շատ մեծ է և պետք է դա օգտագործվի տնտեսվարողների կողմից։ Փորձելու ենք խթան ապահովել, որ դա տեղի ունենա։ Եթե կա այլընտրանքային ուղի, որով հնարավոր է նոր լոգիստիկ լուծումներ գտնել, ապա դա պետք է արվի։ Այսօր միջազգային առևտրում կարևոր նշանակություն ունեն լոգիստիկ ծախսերը։ Այդ իմաստով Ղազախստանի հետ լոգիստիկ լուծումներ գտնելը շատ մեծ հնարավորություն է տալիս»,–ասել է Գրիգորյանը։
Անդրադառնալով տարածաշրջանային նշանակություն ունեցող TRIPP ծրագրին և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ փոխվարչապետն ընդգծել է, որ Հայաստանը բազմիցս նշել է դրանց ռազմավարական դերը տարածաշրջանում։
«Երբ մենք այդ նախագծերն ավարտին հասցնենք, կզգաք, թե տարածաշրջանում ինչ ադապտացիաներ են տեղի ունենում լոգիստիկ իմաստով։ Անհնարին է, որ լոգիստիկ մեծ նշանակություն չունենա Խաղաղության խաչմերուկը ռեգիոնալ իմաստով»,–ասել է նա։
Նա հավելել է, որ հանդիպումների օրակարգում առանցքային հարցեր են լինելու առևտրի և լոգիստիկայի ոլորտները։ Գրիգորյանն նաև նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծից շահող կողմ է լինելու նաև Ղազախստանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Ղազախստանում է։ Փաշինյանն առանձնազրույց կունենա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:






