Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ իր պաշտոնական այցը Ղազախստան խթան կհաղորդի հայ-ղազախական հարաբերությունների զարգացմանը՝ նոր փուլ բացելով համագործակցության մեջ։ Այդ մասին Փաշինյանն ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Արմենպրեսը։
Նա հայտարարել է, որ Ղազախստանի հետ ձևավորվել է իսկապես շատ գործնական և ռազմավարական գործընկերություն:
«Ես կարծում եմ, որ մեր հարաբերությունների այս նոր շրջափուլը բացվեց նախորդ տարի Ձեր՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքներով, որտեղ մենք մի շարք կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերեցինք, որոնց մի մասն արդեն կատարվել է, մյուս մասը կատարման ընթացքի մեջ է։ Սա իսկապես շատ գործնական և ռազմավարական գործընկերություն է, և համոզված եմ, որ այս այցի շրջանակներում մենք այդ ամենի հետագա զարգացումը կապահովենք»,-ասել է Փաշինյանը։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր հերթին ասել է, որ Ղազախստանի ժողովուրդը մեծ հարգանք ունի հայ ժողովրդի, նրա պատմության, ավանդույթների և մշակույթի նկատմամբ, հայտնում է «Փաստինֆոն»։
«Այցի ընթացքում կստորագրվեն մի շարք կարևոր համաձայնագրեր», – ասել է նա։
Նա հավելել է, որ վարչապետ Փաշինյանի այցը նոր լիցք կհաղորդի հայ-ղազախական ռազմավարական գործընկերության զարգացմանը։
Ավելի վաղ տեղի էր ունեցել վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը: Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի կենտրոնական փողոցներից մեկը անվանակոչվել է Մեսրոպ Մաշտոցի անվամբ:
Վարչապետը հանդիպումներ կունենա նաև Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի և Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ:






