Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների որակի չափանիշների նոր կարգավորում, որոնք ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հուլիսի 1-ից։
Ընդունված որոշմամբ սահմանվել են մի շարք նոր պահանջներ, որոնք օպերատորները պարտավոր կլինեն ներառել բաժանորդային պայմանագրերում՝ ծառայությունների որակի վերաբերյալ։ Կարգավորումները վերաբերում են հատկապես ինտերնետ հասանելիության ծառայություններին։
Նոր դրույթներով սահմանվում են՝ տվյալների հոսքի արագությունների հստակ նկարագրություն, ծառայությունների միացման, ակտիվացման կամ վերահաստատման համար պահանջվող ժամանակահատվածներ, բաժանորդների բողոքներին արձագանքման ժամկետներ, ինչպես նաև ծառայության մատուցման տևողության հաշվարկման սկզբունքներ՝ ներառյալ օրերի, ժամերի և րոպեների մակարդակով։ Որպես մաս կազմող դրույթ՝ նախատեսվել է նաև ծառայությունների ակտիվացման գործընթացի մանրամասն ընթացակարգը։
Նախատեսված է նաև, որ օպերատորները պայմանագրերում հստակ ամրագրեն կարգավորումներ այն դեպքերի համար, երբ բաժանորդի մեղքից անկախ տեխնիկական պատճառներով առաջանում է ծառայությունների ընդհատում կամ որակի անկում։ Այդ պարագայում պետք է հստակ սահմանվի ծառայության վերականգնման համար պահանջվող ժամանակը, ինչպես նաև փոխհատուցման տրամադրման կարգն ու պայմանները։
Այս կարգավորումների մշակման հիմքում ընկած է Եվրամիությունում կիրառվող փորձը՝ հաշվի առնելով Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ամրագրված օրենսդրության մոտարկման պարտավորությունները։






