Աստանայում կայացած բանակցությունների ավարտին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել են համատեղ հայտարարություն, որով կողմերը պայմանավորվել են հաստատել ռազմավարական գործընկերություն։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները դուրս են գալիս ռազմավարական գործընկերության մակարդակի: Այդ մասին հայտնել են Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից, գրում է Sputnik Արմենիան։
Բանակցությունների ավարտին ստորագրվել են մի շարք փոխհամաձայնագրեր։ Դրանք ներառում են՝ գաղտնի տեղեկությունների փոխանցման, օգտագործման, պահպանման և պաշտպանության վերաբերյալ համաձայնագիր, ինչպես նաև երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման նպատակով հողամասերի փոխադարձ տրամադրման մասին փաստաթուղթ։
Կողմերը հաստատել են նաև 2026-2030 թվականների համար Հայաստան-Ղազախստան առևտրատնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզը, որը ներառում է փոխգործակցության ընդլայնման հստակ ուղղություններ և քայլեր։
Բացի այդ, ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր և համագործակցության այլ փաստաթղթեր՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, տնտեսության, առողջապահության, մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում՝ ներառելով համապատասխան նախարարություններն ու գերատեսչությունները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին պաշտոնական այցով մեկնել է Ղազախստան։ Նոյեմբերի 21-ին նա Աստանայում հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահի հետ, որի ընթացքում տեղի են ունեցել բանակցությունները։






