Հայաստանյան քաղհասարակության անդամ Նաիրա Սուլթանյանը տեղեկացրել է, որ Բաքու կատարած այցի ժամանակ բարձրացվել է գերիների հարցը: Այդ մասին նա ասել է մամուլի ասուլիսում, հայտնում է Radar Armenia-ն։
«Մենք ադրբեջանցիների՝ ՀՀ այցի ժամանակ անգամ բարձրացրել ենք գերիների հարցը։ Ինչպես նաև պարոն Հաջիևի առջև ենք բարձրացրել, որևէ սահմանափակում՝ ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմից չի կիրառվել հարցը չբարձրացնելու հետ կապված։
ՀՀ իշխանությունները հավաստիացրել են, որ շարունակաբար ջանքեր են կիրառվում, Հաջիևը ևս վստահեցրել է, որ բանակցություններ են ընթանում»,- ասել է նա։
Սուլթանյանը նշել է, որ կոնկրետ պատասխաններ չեն ստացել անունների և մարդկանց մասին։
Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները նոյեմբերի 20–ին և 21–ին Բաքվում էին փոխադարձ այցով։ Նոյեմբերի 20–ի նիստում կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթի հետ հաստատել էր նաև Երևան-Բաքու և Բաքու-Երևան չարթերային թռիչքի համար հատկացվող բյուջեն՝ 18 մլն դրամ։
Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այցը Հայաստան ուղեկցվել էր քննադատություններով, քանի որ պատվիրակության կազմում ընդգրկված էր նաև Դիլարա Էֆենդիևան, որը նախկինում մասնակցել էր Արցախի շրջափակմանը՝ որպես «էկոակտիվիստ»։






