AM
24 Նոյեմբեր 2025 - 11:44 AMT

Նավասարդյան․ Գուցե գերիների հարցը որոշակի լուծում ստանա, բայց թե երբ, ոնց և ինչպիսի, երևի առաջիկայում կտեսնենք

Հայ փորձագետներն ադրբեջանական կողմին առաջարկել են թույլատրել Բաքվում այցելել հայ գերիներին, սակայն առաջարկը մերժվել է։ Այդ մասին հրավիրված ասուլիսին ասել է Բաքվից վերադարձած խմբի անդամ՝ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ Նա նշել է, որ իրենց համար առաջնահերթություն է եղել ոչ թե տեսակցել հայ գերիներին, այլ որ վերադարձի առումով առաջընթաց լինի։

«Հիմնականում այդ հարցին է անդրադարձ եղել ադրբեջանական կողմից։ Գերիների վերադարձի հարցը քննարկվում է, միգուցե այն որոշակի լուծում ստանա, բայց թե երբ, ոնց և ինչպիսի լուծում դա կլինի՝ երևի կտեսնենք մոտակա ժամանակներում։ Որոշ մանրամասներ կան, բայց քանի որ դրանք վերջնական չեն, չեմ ցանկանում խոսել դրանց մասին»,- ասել է Նավասարդյանը, հայտնում է Aysor.am-ը։

Նավասադրյանը նշել է, որ գերիների հարցով ինչպիսի էմոցիոնալ վերաբերմունք Հայաստանի հասարակության շրջանում կա նույնպիսին Ադրբեջանի հասարակության շրջանում է, որոնք մտածում են, որ գերեվարվածները պատասխանատու են շատ հարցերի համար։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մեղադրող կողմը պահանջել է ցմահ ազատազրկում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի համար։

Բացի այդ, դատախազությունը պահանջել է 20 տարվա ազատազրկում ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև Մադաթ Բաբայանի և Փաշայան Մելիքսեթի համար։ Մյուս գերիների մասով պահանջված պատժաչափերն են՝ Գարիկ Մարտիրոսյան՝ 19 տարի, Դավիթ Ալավերդյան՝ 18 տարի, Լևոն Բաբայան՝ 17 տարի, Վասիլի Բեգլարյան, Գուրգեն Ստեփանյան, Էդիկ Ղազարյան՝ 16 տարի։