AM
24 Նոյեմբեր 2025 - 12:07 AMT

ՀՀ–ում քվոտաներ կսահմանվեն աշխատանքային միգրանտների համար

Հայաստանում աշխատանքային միգրացիոն հոսքերի կարգավորման նպատակով կհանվի աշխատանքային հիմքով կացության կարգավիճակի տրամադրումը, փոխարենը կներդրվի քվոտավորման համակարգ, որը կսահմանվի յուրաքանչյուր տարվա համար` ըստ տեսակի և հիմքի։ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում այդ մասին ասել է ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը` ներկայացնելով «Օտարերկրացիների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին փաթեթը։

Կացության կարգավիճակները կլինեն երկուսը` ժամանակավոր և մշտական` նախկին «ժամանակավոր, մշտական, հատուկի» փոխարեն։ Օտարերկրացիների կացության կարգավիճակների տրամադրման ամբողջ գործընթացը լիովին թվայնացվելու է՝ վարչարարությունն առավել մատչելի և վերահսկելի դարձնելու նպատակով, հայտնում է Sputnik Արմենիան։

«Քվոտավորման համակարգը յուրաքանչյուր տարի կառավարությանը կստիպի հայացք նետել այս խնդրին և հասկանալ` արդյոք միգրացիոն միտումներն այնպես են փոխվել, որ անհրաժեշտ է քվոտաների մեջ որոշակի տեղաշարժ անել։ Դա հնարավորություն կտա այս ոլորտում մեր քաղաքականությունն իրականության հետ ավելի դինամիկ կապի մեջ պահել»,– հայտարարել է փոխնախարարը։

Նա հավելել է, որ կատարվել է նաև պետական տուրքերի վերանայում։ Ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման համար գործող 105 հազար դրամի փոխարեն սահմանվելու է 150 հազար դրամ, իսկ մշտական կարգավիճակի դեպքում՝ ներկայիս 140 հազար դրամի փոխարեն սահմանվելու է 250 հազար դրամ պետական տուրք։

2024 թվականին 12,491 անձ ստացել է կացության կարգավիճակ։ Ամենաշատ դիմորդները եղել են Ռուսաստանից, ապա՝ Հնդկաստանից, Իրանից, Վրաստանից, Սիրիայից ու Ուկրաինայից։ Ղազարյանի խոսքով՝ այս անձանց գերակշիռ մասը հայեր են, և մոտավորապես 2021 թվականից ի վեր այդ երկրներից եկող դիմորդների հերթականությունը պահպանվել է։